Ազգային ժողովի 6 խմբակցություններից 1-ական ներկայացուցիչներ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր՝ օգոստոսի 16-ի առավոտյան մեկնել են Տավուշի մարզ:
NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտնեց, որ լինելու են առաջնային գծում, զորամասերում, ինչպես նաեւ հանդիպելու են սահմանամերձ գյուղերի բնակիչներին:
«Այսօր մնալու ենք այստեղ, նախատեսում ենք մի շարք հանդիպումներ զինվորների եւ գյուղացիների հետ: Տավուշի մարզ գալու մասին որոշումը կայացրել են 6 խմբակցությունները»,- ասաց նա:
Բացի Գուրգեն Արսենյանից՝ Տավուշ են մեկնել նաեւ Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը եւ այլք:
Նշենք, որ օգոստոսի 9-ին էլ ԱԺ պատվիրակությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ մեկնել էր ԼՂՀ: