News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեւանա լճում կա ընդամենը 11 հանրային լողափ եւ ավելի քան 800 մասնավոր տարածք, որտեղ նույնիսկ ջուր մտնելն է վճարովի:

NEWS.am-ի հետ զրույցում Սեւանում հանգստացողները բողոքեցին, որ օրինակ՝ Սևանի՝ Շորժա գյուղ տանող ճանապարհին գտնվող ԵՐՖԻ լողափում 1 անձն արժե 500 դրամ, չհաշված ավտոկանգառի եւ տաղավարի գումարները:

«Դիլիջանից վերադառնալուց որոշել էինք Սեւանում լողալ: Ու քանի որ մենք տաղավարի համար չէինք վճարելու, պարզվեց՝ պետք է վճարենք ջրում լողալու համար՝ յուրաքանչյուր անձի համար 500 դրամ: Այդ տղան ասաց, որ դա պետական տարածք է և կարող է մեզ ՀԴՄ կտրոն տալ: Մենք պարզապես լքեցինք այդ տարածքը:  Խնդիրը գումարը չէ, այլ այն, որ դու ստիպված ես գումար վճարել քո հայրենիքի բարիքներից օգտվելու համար: Վաղն էլ, հավանաբար, Հայաստանի այդ «պետական տարածքներում» շնչելու համար փող կվերցնեն և ՀԴՄ կտրոններ կտան: Հայաստանում ով ինչ ուզում է և գումար ունի, սեփականաշնորհում է»,- ասաց օրեր առաջ Սեւանից վերադարձած Կարինե Սուքիասյանը:

Իրավիճակը պարզելու համար դիմեցինք բնապահպանության նախարարության լրատվական ծառայություն, որտեղ էլ հայտնեցին, թե մասնավոր տարածքների սակագների համար իրենք պատասխանատու չեն:

«Մենք ունենք 11 հանրային լողափ, որից 3-ը մատուցում են ամբողջական ծառայություններ ու անվճար են: Մնացած տարածքները մենք վարձակալությամբ ենք տվել եւ սակագները մենք չենք վերահսկում: Մնացած հարցերով դիմեք «Սեւան» ազգային պարկ»,- ասացին նախարարությունից:

Ազգային պարկի փոխտնօրեն Վահե Գուլանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս հարցը երկար տարիներ է՝ քննարկվում է:

«Այս խնդիրը պետք է լուծել՝ հանրային լողափներ սարքելով: Ունենք 11 լողափ, որից 3-ն են ամբողջությամբ հագեցած, եւս 2-ն ունեն ավտոկայանատեղի, հանդերձարաններ եւ զուգարաններ, մնացածն էլ ընթացքում ենք սարքում: Նախատեսում ենք առաջիկա տարիներին ստեղծել նաեւ սիրողական ձկնորսության կենտրոն: Ինչ վերաբերվում է մասնավոր լողափներին, ապա պայմանագրերը թարմացնելիս նոր պայմաններ ենք դնում՝ կահավորված փրկարար համաkարգ, հիվանդանոցների եւ շտապօգնության հետ համագործակցություն»,- ասաց նա:

Գուլանյանի խոսքով՝ իրենք ոչ մի կերպ չեն կարող մասնավոր անձանց պարտադրել ջուր մտնելը դարձնել անվճար, առավել եւս որ ծառայությունների դիմաց քաղաքացիներին ՀԴՄ կտրոններ են տալիս:

«Հարկային մարմինը կարող է մասնավորներին պարտադրել անվճար դարձնել գոնե լողափները: Հասկանում եք, որ այդ մարդիկ պետությանը գումար են վճարում ամեն հեկտարի համար 500-700 հազար դրամ, հետեւաբար՝ իրենք պետք է գումար աշխատեն: Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչ ծառայությունն ինչքան է»,- ավելացրեց նա՝ խորհուրդ տալով մարդկանց հանգիստն անցկացնել հանրային լողափներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ