News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելում հայտնաբերված բիզը, որը պատկանում է միջին էնեոլիթի դարաշրջանին, հնագույն մետաղյա իր է, որը գտել են Մերձավոր Արեւելքում: Պղնձե բիզը գտնվել է Թել Ցաֆում՝ Հորդանանի հովիտի Բեյթ Շեան շրջանում: Քիմիական անալիզի արդյունքներով այն թվագրվում է մ.թ.ա. վեցերորդ հազարամյակի ավարտին կամ հինգերորդ հազարամյակի սկզբին: Այս մասին գրում է իսրայելական «Haaretz» պարբերականը:

Թել Ցաֆն առաջին անգամ փաստագրվել է 1950-ական թվականներից, իսկ պեղումները սկսվել են 1970-ական թվականների ավարտին: Այս հատվածում բազմիցս արժեքավոր նմուշներ են հայտնաբերվել: Օրինակ, մեծ կավածեփ շինություններն ու ցորենի պահեստները վկայում են հարուստ համայնքի, ինչպես նաեւ հեռավոր վայրերի հետ առեւտրական կապերի մասին:

Բացի այդ, գտնվել են վանակատից (օբսիդիան) իրեր՝ Հայաստանից կամ Անատոլիայից ծագող հրաբխային ապակի, ինչպես նաեւ խեցիներ Նեղոսից եւ Միջերկրական ծովի այլ շրջաններից:

Առաջվա նման դեռեւս պարզ է, թե ինչի համար է կիրառվել բիզը: «Այս իրի առկայությունը կանացի գերեզմանում, որն առավել կատարելագործվածներից է այս տարածաշրջանում մեր կողմից հայտնաբերված գերեզմանների թվում, վկայում է բիզի կարեւոր դերի, ինչպես նաեւ կնոջ նշանակության մասին: Հնարավոր է՝ այստեղ մենք տեսնում ենք սոցիալական աստիճանակարգության ու բարդության առաջին նշանները»,- ասել է Հայֆայի համալսարանի դոկտոր Դենի Ռոզենբերգը:

Մետաղի քիմիական անալիզը ցույց է տվել, որ այն, հավանաբար, արտադրել են Կովկասում, որը Թել Ցաֆից 1000 կմ հեռավորությամբ է գտնվում: «Թեեւ առավել վաղ ժամանակաշրջաններում հայտնի էր մեր տարածաշրջանի քաղաքների միջեւ առեւտրական կապերի մասին, նոր տեխնոլոգիաների ներկրումը նոր հումքի հետ համատեղ բացառիկ է Թել Ցաֆի համար: Սա հավելյալ ապացուցում է հնագույն աշխարհում տվյալ վայրի ունեցած կարեւորությունը»,- հավելել է Ռոզենբերգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ