News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի 26-ամյա բնակիչ Վարդան Դարբինյանը, որի «ՎԱԶ 21010» մեքենան օգոստոսի 8-ին հակառակորդի կրակոցից այրվել էր Ներքին Կարմրաղբյուրից Այգեպար տանող ճանապարհին, որեւէ փոխհատուցում այրված մեքենայի համար մինչեւ հիմա չի ստացել:

«Ոչ մի փոխհատուցում էլ մինչեւ հիմա չի եղել, ավտոն դեռ Ներքին Կարմրաղբյուրից Այգեպար տանող ճանապարհին է մնացել: Այնպես է այրվել, որ վրան պիտանի բան էլ չի մնացել, որ բերեմ, ինչ որ բան հանեմ վրայից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Դարբինյանը։

Գյուղացին, որը մոտակա զորամասում վարորդ է աշխատում, պատմեց, որ այդ օրը ինքը չի եղել մեքենայի ղեկին:

«Ես այդ ժամանակ դիրքերում էի, ընկերս է եղել իմ մեքենայով, խոշոր տրամաչափի փամփուշտներով են կրակել, մեքենային է կպել, բայց հիմնականում բռնկված խոտից է սկսել այրվել, ընկերս հազիվ փախել է մեջից, կարեւորն էն է, որ իրեն բան չի եղել»,-ասաց Վարդանը:

Վարդանը նշեց, որ ինքը Այգեպարում վարձով է բնակվում, տան միակ աշխատողն է, կինը չի աշխատում, 1 տարեկան որդի ունի, սպասում են երկրորդ երեխային։

«Մեքենան տան կարիքների համար էի օգտագործում, որովհետեւ աշխատավարձը չի հերիքում: Ավտոմեքենան գնել եմ վարկով, վարկի 1/3 -րդն էլ դեռ չեմ տվել: Ոչ մի տեղից օգնություն չեմ ստացել, հույս էլ չունեմ»,- նշեց Վարդան Դարբինյանը:

Վարդան Դարբինյանի խոսքով՝ ինքը մեքենան օգտագործում էր տան կարիքները հոգալու համար. «Ծերը ծերին հազիվ եմ հասցնում, էդ մեքենայով էլի տան վարձի համար գումար էի աշխատում տաքսի քշելով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրից Այգեպար տանող ճանապարհին օգոստոսի 8-ի երեկոյան ադրբեջանական կողմը կրակ է բացել ընթացող մեքենայի վրա: Վարորդը ժամանակին դուրս է թռել, իսկ մեքենան ամբողջությամբ այրվել է: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:

Տպել
Ամենաշատ