News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Օգոստոսի 19-ին Նախիջեւանում տեղի ունեցած Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման շուրջ մեր հարեւան երկրներում ու Հայաստանում հնչող կարծիքների եւ մեկնաբանությունների բազմազանության մեջ հետաքրքրական են ոչ թե Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ոչ ֆորմալ ռազմական դաշինքի ձեւավորման շուրջ հերթական խոսակցությունները, որքան այն հարցը, թե ո՞ւմ պատվերով եղավ նման հանդիպումը հինավուրց հայկական հողի սրտում՝ Նոյ Նահապետի իջման վայրում։
Կարծում ենք՝ իրականությանն ավելի մոտ է այն վարկածը, որ Նախիջեւանում տեղի ունեցած Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնությամբ եւ իհարկե Ադրբեջանի աջակցությամբ պարբերաբար կազմակերպվող վրացիների «վախը չափելու» գործընթացի մի մասն է՝ նկատի ունենալով այդ երկրների միջեւ Տրապիզոնում ու Բաթումում տեղի ունեցած նախորդ նմանօրինակ միջոցառումները։

Վրաստան թափանցելու եւ նրա տարածքն օգտագործելու համար թուրք-ադրբեջանական տանդեմի ցուցաբերած նախաձեռնությունները իբրեւ ռազմաքաղաքական դաշինք մատուցելու համար պետք է վառ երեւակայություն ունենալ։ 2008-ին Թուրքիան առաջին երկրներից էր, որն իր «ձեռքերը լվաց» Վրաստանին բաժին ընկած ողբերգական կացության հորձանուտում՝ պայմանով, որ ռուսները հեռու մնան Աջարիայից, այսինքն՝ իրենց ախորժակը գրգռող «համեղ պատառից»։

Բացի դրանից, Թուրքիան որոշակի ռազմաքաղաքական դաշինքի անդամ է, որը, ի դեպ, Վրաստանի եւ ընդհանրապես Հարավային Կովկասի հարցերով բոլորովին այլ ծրագրեր ունի, քանզի Թուրքիայի թափանցումը մեր տարածաշրջան միշտ էլ հանգեցնում է Ռուսաստանի հակազդեցությանը, որին սովորաբար գումարվում է Իրանի անհանգստությունը։ Ի վերջո, ձեւավորվում է ուժերի մի այնպիսի հաշվեկշիռ, որը նպաստում է ոչ թե տարածաշրջանի «բացմանը», այլ, հակառակը, «փակմանը»։

   Այս պայմաններում բնական է ու հասկանալի, որ Նախիջեւանում տեղի ունեցած երեք երկրների պաշտպանության նախարարների հավաքի ընդունած որոշումները ոչ մի նորույթ էլ չեն պարունակել ռազմաքաղաքական դաշինքի ձեւաչափի առարկայացման տեսանկյունից, քանզի 6 ամիսը մեկ հավաքվելու կամ համատեղ զորավարժություններ կազմակերպելու խնդիրները նորություն չեն այս երկրների համագործակցության պատմության մեջ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ