Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը տեղյակ չէ՝ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանն իսկապես գնել է Էրեբունի միավորման տարածքը՝ «Ակվա Մարի լայթ» ՍՊԸ-ն, թե ոչ: NEWS.am-ի հետ զրույցում Փայլակ Հայրապետյանը հայտնեց, որ բանկից իրեն ոչինչ չեն հայտնում:
«Հենց հիմա այդ տարածքում իմ ամբողջ շինտեխնիկան քանդել են, սարքել լոմ ու գցել էնտեղ: Չգիտեմ էլ՝ ով ա արել, ինչի ա արել: Ես ուզում էի 850 աշխատատեղ ստեղծել, իսկ իրենք քանդում են, չեն ուզում՝ էս երկիրը զարգացնենք»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե մամուլում խոսվում է այն մասին, որ այս տարածքը գնել է Մհեր Սեդրակյանը, գործարարը պատասխանեց. «Մհեր Սեդրակյանն իմ լավ ընկերն ա, մի թաղից ենք, իրեն լիքը օգնել եմ, չեմ կարծում՝ ինքը քանդած լիներ, իր հետ էլ էդ թեմաներով չեմ խոսել: Իմ խնդիրը բանկի եւ իշխանությունների հետ է»:
Նշենք, որ Փայլակ Հայրապետյանը ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀԿ-ական պատգամավորն իր ընկերությունը գնել է «Ամերիա» բանկից, որը այն գնահատում էր ավելի քան 12 մլն դոլար: Սակայն թե ինչքան գումար է տվել Մհեր Սեդրակյանը, ոչ ոք չգիտի: