Լուսանկարում՝ սիրիահայ բժիշկ Բողոս Աղոյանն է
Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը վստահեցնում է, որ իր բարեկամները չեն ծեծի ենթարկել Թալինի հիվանդանոցի սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետը:
«Իմ բարեկամները կապ չունեն այդ միջադեպի հետ: Ես չգիտեմ` ինչ է եղել, թող իրավապահները ճշտեն, բոլոր հարցերի պատասխանը տան, թե չէ այսպես ով ինչ ասես կարող է ասել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոցում աշխատող 41-ամյա սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանն ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ մեքենայի կայանման շուրջ վիճաբանության մեջ էր մտել Թալինի քաղաքապետի բարեկամների հետ, նրանք բժշկին հայհոյել էին եւ ծեծի ենթարկել: Բողոս Աղոյանը դեպքի առթիվ հաղորդում է տվել ոստիկանությունում: