News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում խաղաղ է: Լռությունը խախտում է անցնող ավտոմեքենայի ձայնը. լրագրողների խումբը գնում է դիրքեր՝ ադրբեջանական կողմի մի շարք դիվերսիոն փորձերից հետո իրավիճակին տեղում ծանոթանալու համար: «Ահա այնտեղ՝ ոչ հեռու, ադրբեջանական դիրքերն են»,- ասում է մեզ ուղեկցող զինվորականը՝ միաժամանակ վարորդին հրահանգելով ճանապարհի այդ հատվածն ավելի արագ անցնել, ինչ գիտես՝ հակառակորդի գլխին ինչ կփչի (ֆոտոռեպորտաժ):

Մոտենում ենք դիրքերից մեկին, որտեղ մեզ ժպիտով դիմավորում են զինվորները. «Բարի գալուստ»: Հերթափոխով անցկացրած անքուն գիշերվանից հետո նրանք ոչ միայն ժպտում են մեզ, այլեւ աշխույժ զբաղվում են իրենց ընթացիկ գործերով:

Դիրքի ամբողջ երկայնքով մի քանի շներ են շրջում, որոնք ոչ մի ագրեսիա չցուցաբերեցին: «Նրանք մեզ շատ են օգնում, ամենաթեթեւ աղմուկի դեպքում սկսում են հաչել: Մենք նրանց սովորեցրել ենք արձագանքել հակառակորդի գործողություններին»,- ժպտալով պատմում է սպաներից մեկը: Հետաքրքրվում եմ. իսկ ինչո՞ւ են պարզ փողոցային շներ: «Մեր շների առջեւ սահմանախախտին վնասազերծելու խնդիր դրված չէ, նրանց խնդիրն է՝ նախազգուշացնել դիվերսիայի փորձի մասին, եւ նրանք հրաշալի կատարում են այն: Ի դեպ, ժամանակին ադրբեջանական դիրքապահները դրա համար սագ էին պահում, որոնք հայտնի են իրենց աղմկոտությամբ եւ սթափությամբ»,- նշեց նա:

Ամենայն հավանականությամբ՝ ադրբեջանական զինված ուժերին ոգեշնչել է առասպելն այն մասին, թե ինչպես են սագերը փրկել Հռոմը: Այդ առասպելի համաձայն, սագերը ժամանակին Հռոմը փրկել են, իսկ թե ուր են կորել ադրբեջանական բանակի սագերը՝ անհասկանալի է: «Որոշ ժամանակ առաջ սահմանամերձ հայկական մի գյուղում ադրբեջանական չափազանց նիհար դիրքապահ շուն էր անցնում: Հատում էր ականապատված դաշտը, հայ գյուղացիները խղճահարությունից ելնելով՝ կերակրում էին, եւ շունը հեռանում էր: Ականները չէին պայթում, քանի որ որոշակի քաշի դեպքում են սկսում գործել»,- պատմում է զինվորներից մեկը:

Առջեւում ադրբեջանական դիրքերն են, որոնցից մեզ բաժանում է արեւախանձ անապատային տեղանքը: Դիրքապահի փոքրիկ պատուհանիկից ավելի շատ տեսագրելու կամ լուսանկարելու մեր փորձերն անհանգստացած զինծառայողը կասեցնում է. «Բավական է: Վտանգավոր է: Կարող են սկսել կրակել ձեր ուղղությամբ»: Վերադառնում ենք: Իսկ զինվորներն այդ ընթացքում մեզ համար հյուրասիրություն էին պատրաստել. սեւ սուրճ եւ քաղցրավենիք: Զինվորներն իրենք են իրենց համար ճաշ պատրաստում հատուկ հարմարեցված վառարանի վրա: Այդ օրը ճաշացանկում միս ու մակարոն էր:

Դիրքապահների խումբն առավոտյան ժամը 5-ից ոտքի վրա է: Յուրաքանչյուրն անցնում է իր պարտականությունների կատարմանը, սահմանված գրաֆիկի համաձայն՝ գիտի իր խնդիրը: Անկախ եղանակային պայմաններից՝ դիրքապահը գիտի, որ պետք է ուշադիր հետեւի իրեն վստահված սահմանահատվածին:

«Շփման գծի այս հատվածում, որը մենք ենք վերահսկում, առայժմ դիվերսիայի փորձ չի եղել, մենք վստահ եւ արթուն կատարում ենք մեր ծառայությունը: Սա առաջին՝ ամենապատասխանատու գիծն է, եւ դիրք բարձրացող յուրաքանչյուր զինվոր գիտակցում է իր վրա դրված պատասխանատվությունը»,- պատմում է դիրքապահ Միխայիլ Ամիրխանյանը, ով Պաշտպանության բանակում ծառայում է արդեն 21 ամիս:

Սահմանային այդ հատվածը փոքր չէ, սակայն, Ամիրխանյանի խոսքով, ինքն ու ընկերները վստահորեն վերահսկում են այն: «Հիշում եմ առաջին օրը, երբ եկա դիրքեր: Այն ժամանակ սերժանտ էի, ընկերներս հոգեպես ու բարոյապես աջակցում էին ինձ առաջին օրը որպես դիրքապահ անցկացնելու ընթացքում: Անկախ այն հանգամանքից, որպես դիրքապահ քո առաջին, թե տասներորդ օրն է, պատասխանատվության զգացողությունը նույնն է: Բանակն առաջին հերթին կոփում է մարդուն, ինչը թույլ է տալիս ավելի դիմացկուն լինել քաղաքացիական կյանքում: Երկու տարվա զինծառայության ընթացքում ինքնուրույն եւ վստահ ես դառնում»,- շարունակում է Ամիրխանյանը՝ նշելով, որ տանն իրեն սպասում են ծնողներն ու սիրելի աղջիկը:

Ստեփանակերտ ուղեւորվելիս խնդրում ենք անցնել Աղդամով, որի մասին վերջերս հիշատակեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ մենք ավելի քան 300 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ ունենք, եւ դրանք շատ կարճ ժամանակահատվածում կարող են ցանկացած ծաղկուն բնակավայր այնպիսի ավերակների վերածել, ինչպիսին Աղդամն է:

 

Պատրաստեց՝ Մարիա Ասատրյանը

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ