News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Կալինինգարդի մարզում արդեն 8 տարի գործում է հայկական համայնք, որի յուրաքանչյուր ներկայացուցիչ պատրաստ է հպարտությամբ պատմել գեղեցիկ ու հարմարավետ մշակութային կենտրոնի, ինչպես նաեւ շարունակվող մարզական հաջողությունների մասին: Կալինինգրադի հայերի կյանքի եւ գործունեության մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Կալինինգրադի Հայկական համայնքի եւ Հայկական մշակութային կենտրոնի ղեկավարի տեղակալ, համայնքի ֆուտբոլային ակումբի մարզիչ Գոռ Խուգոյանը, ով Կալինինգրադ բնակվում է ավելի քան 15 տարի եւ 3 տարի աշխատում է համայնքում:

Նրա խոսքով՝ քաղաքի հայկական մշակութային կենտրոնը հիմնել է Կալինինգրադում Հայաստանի պատվավոր հյուպատոս, Հայկական համայնքի ղեկավար Յուրի Ստեփանի Կաջոյանը: «Նրա աջակցությամբ կառուցվեց հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Մենք ձգտում ենք նշել հայկական բոլոր տոները՝ Անկախության օրը, Սուրբ Զատիկը, Նոր Տարին, Վարդավառը: Մենք ցանկանում ենք դրանք նշել այնպես, որպեսզի Կալինինգրադի հայ համայնքի երիտասարդներն ավելի շատ շփվեն միմյանց հետ, ճանաչեն միմյանց, մենք աշխատում ենք, որպեսզի նրանք հայերեն սովորեն, ճանաչեն հարուստ հայկական պատմությունը: Մենք մեծ ներուժ ունենք, իրավունք չունենք կորցնել այն. հարկավոր է միասնական լինել նաեւ Հայաստանի սահմաններից այն կողմ»,- նշեց  Գոռ Խուգոյանը:

Նա պատմեց նաեւ, որ համայնքը ֆուտբոլի եւ բասկետբոլի հավաքականներ ունի: «Խաղում ենք մեծ ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, եւ կարող եմ ասել, որ լավ արդյունքների ենք հասել: Այս տարի Մինսկում կայացել է մինի ֆուտբոլի հայկական ակումբների մրցաշար: Ի պատիվ մեզ՝ հաղթեցինք շատ ուժեղ մրցակիցների եւ նվաճեցինք Հաղթանակի գավաթը: Այժմ Կալինինգրադի մարզում մեծ ֆուտբոլի առաջնություն է ընթանում, մեր «Արարատ» թիմը վստահորեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Հույս ունեմ, որ կհաղթենք ու կավելացնենք գավաթների ու մեդալների թիվը»,- նշեց Կալինինգրադի Հայկական համայնքի ղեկավարի տեղակալը:

Ամեն կիրակի, ըստ Խուգոյանի, Հայկական մշակութային կենտրոնում հայոց լեզվի, հայոց պատմության, հայկական պարերի ու երգերի դասընթացներ են անցկացվում: «Մենք ունենք պարի խումբ եւ երգչախումբ: Արդեն 11-12 տարի գործում է Հայաստանի պարի համույթը, որը հաղթել է միջազգային մրցույթներում: Անցյալ տարվանից մենք անվճար երթուղայինի նախաձեռնություն ենք իրականացնում, որը համայնքի հաշվին երեխաներին ծնողների հետ միասին մեր կենտրոն է բերում: Այստեղ երեխաները սովորում են, երգում, պարում, ժամանակ են անցկացնում, հետո երթուղայինը նրանց տուն է տանում: Այդ կերպ մշակութային կենտրոն այցելող երեխաների թիվն էապես ավելացել է. եթե առաջ 10-15 երեխա էր գալիս, ապա այժմ՝ 50-100 երեխա»,- պատմեց համայնքի երիտասարդ ու ակտիվ ներկայացուցիչը: Ըստ նրա, Կալինինգրադի հայկական համայնքը բաց է բոլոր հայերի առջեւ: «Մենք պատրաստ ենք օգնել ու աջակցել մեր հայրենակիցներին ցանկացած դժվարին հարցում»,- վստահեցրեց Գոռ Խուգոյանը:

Անդրադառնալով համայնքի հետագա ծրագրերին ու աշխատանքներին՝ նա նշեց, որ սեպտեմբերի 21-ին միջոցառում կկազմակերպվի Անկախության օրվա առիթով: «Մենք հրավիրել ենք Լեհաստանի, Բելառուսի պատվավոր հյուպատոսներին, տեղի կունենա հանդիսավոր ընդունելություն: Ամենակարեւորն այն է, որ պատրաստվում ենք ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին: Այս առումով ուզում եմ նշել, որ վերջապես դուրս կգանք Հայկական մշակութային կենտրոնի սահմաններից, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը միջոցառում կանցկացվի ոչ թե մշակութային կենտրոնում, այլ Կանտի անվան տաճարում. սա մարզի ամենակարեւոր շինությունն է: Բազմաթիվ կարեւոր հյուրեր կունենանք: Ցանկանում ենք, որպեսզի հանրությունը (ոչ հայերը) տեղյակ լինի խնդրի մասին: Այո, մենք շնորհակալ ենք Ռուսաստանին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, սակայն, ցավոք, դրանով ամեն ինչ ավարտվել է: Այդ հարցում առաջին հերթին մենք ենք մեղավոր»,- ընդգծեց Գոռ Խուգոյանը:

Նա նաեւ պատմեց, որ մշակութային կենտրոնն ունի հիանալի համերգասրահ, որտեղ հնարավոր է նաեւ մեծ էկրանին ֆիլմեր դիտել: «Այստեղ ցուցադրվել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը հիշատակի երեկո էինք կազմակերպել եւ դիտել նրա մասին պատմող հայրենասիրական ֆիլմ»,- հայտնեց Գոռ Խուգոյանը:

Կալինինգրադի հայկական համայնքի ներկայացուցիչները շփվում են նաեւ այլ համայնքների հետ: «Այս տարի մեր մշակութային կենտրոնում իրենց միջոցառումներն են անցկացրել ուկրաինացիները, լեհերը. սա պայմանավորված է նրանով, որ նման մշակութային կենտրոն ունենք միայն մենք եւ գերմանացիները»,- հպարտությամբ արձանագրեց Գոռ Խուգոյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Կալինինգրադի մարզի մյուս բոլոր համայնքներն արդեն գիտեն. հայերը միշտ բաց են եւ պատրաստ են համագործակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ