News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեւանա լճից բաց թողնվող ջրի քանակը գրանցվում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետծառայության Գեղամավան դիտակետում եւ ոչ մի խմ ջուր առանց հաշվառման բաց չի թողնվում: Ինչպես բոլոր ջրաչափական դիտակետերում, այնպես էլ այս դիտակետում դիտարկումներն իրականացվում են միջազգային ստանդարտներին համապատասխան:

Ջրի մակարդակները բերվում են մեկ պայմանական հարթության՝ զրոյական նիշի, որի բարձրության նիշը հաստատուն է մնում դիտակետի ողջ գոյության ընթացքում: Գեղամավան դիտակետում մակարդակի դիտարկումները կատարվում են հասարակ, ինքնագրային եւ հեռակառավարվող մեթոդներով:

Դիտակետում տեղադրված է ջրաչափական չափաձող, որի բարձրության նիշը որոշված է 4-րդ դասի նիվելիրացմամբ եւ ամերիկյան գերժամանակակից «Stevens» ինքնագիր (դրանք կովկասյան տարածաշրջանում երկուսն են եւ տեղադրված են Սեւանա լճի ավազանում), որը գրանցում է տվյալները միլիմետրային ցանցի վրա, միեւնույն ժամանակ 15 րոպե հաճախականությամբ, արբանյակային կապի միջոցով, ծածկագրված տվյալներն ուղարկում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության (այսուհետ՝ ծառայություն) համապատասխան բաժնին:

Դիտակետի համար գործում է ջրի մակարդակի (heart) եւ ջրի ելքի (Q) կախվածության կապի աստիճանավորման աղյուսակ՝ յուրաքանչյուր միավորի համար: Դիտակետում ջրի մակարդակի դիտված արժեքով որոշվում է ջրի ելքը՝ «արագություն-մակերես» մեթոդի կիրառմամբ, որն ամենատարածված մեթոդն է հիդրոմետրիայում: Հոսքի լայնակի կտրվածքի մակերեսը որոշվում է խորության չափման արդյունքներով, իսկ ջրանցքի կենդանի կտրվածքի առանձին կետերում արագությունները չափվում են ջրաչափական պտուտանով:

Ջրի հոսքի արագության չափման համար օգտագործվում են ГР-21м; ИСП-1м մոդելների ջրաչափական պտուտաններ, որոնք կիրառվում են տարբեր երկրների հիդրոլոգիական ծառայությունների կողմից:

Հետեւաբար, նշված եղանակով Գեղամավան դիտակետում ջրի ելքը չափելիս կասկածից վեր է տվյալների անճշտությունը:

Վերջին 12 տարիներին Գեղամավան դիտակետում Սեւանա լճից բաց թողնված ջրի տարեկան ծավալների, միջին օրական մեծությունների եւ բացթողման սկզբի ժամկետների ու տեւողության մասին տեղեկատվությունը տրված է աղյուսակում:

Առանձնահատուկ տարիներ էին հատկապես 2013 եւ 2014թթ.: Այդ տարիներին, գետային հոսքի հիմնական փուլի՝ գարնանային վարարումների հոսքը ձեւավորող հիդրոօդերեւութաբանական պայմանները անբարենպաստ են եղել: Այսպես.

• աշնանային ժամանակաշրջանում դիտված տեղումները նորմայից բավական ցածր են եղել պայմանավորելով հողի խոնավության ցածր արժեքներ,

• մարտ ամսվա ընթացքում դիտված բարձր ջերմային ֆոնը պայմանավորել է կուտակված ձյան պաշարների աստիճանական հալք, հագեցնելով հողի խոնավության պակասորդը,

• ապրիլ-մայիս ամիսներին դիտված տեղումների գերակշիռ մասը (90%) եղել են ոչ ցիկլոնային բնույթի (ներզանգվածային) ընդգրկելով լոկալ շրջաններ, որոնք հոսքի վրա էական ազդեցություն չեն թողնում:

Վերը նշված պայմանները համալիր կերպով բացասական ազդեցություն են թողել հոսքագոյացման պրոցեսի եւ լճի մակարդակի բարձրացման վրա: Նկարում բերված են ջրային հաշվեկշռի հիմնական տարրերի մոդուլային գործակիցների (տվյալ տարվա արժեքի հարաբերությունը նորմային) դինամիկան, ինչպես նաեւ լճի մակարդակի ներտարեկան փոփոխությունները 2002-2014թթ.:

Ինչպես երեւում է նկարից, այն տարիներին երբ գետային հոսքի եւ մթնոլորտային տեղումների արժեքները նորմայից բարձր են (≥1), իսկ գոլորշիացման արժեքները ցածր, նկատվում է լճի մակարդակի բարձրացում, ընդ որում, ամենից մեծ բարձրացում դիտվել է 2007թ.-ին՝ 54 սմ, իսկ 2012թ.-ին գրանցվել է բացասական հաշվեկշիռ՝ -3սմ:

2014թ. նույնպես կանխատեսվում է բացասական հաշվեկշիռ 9-12 սմ-ի սահմաններում:

Այսպիսով, Սեւանա լճի մակարդակի փոփոխության եւ լճից բացթողնման հետ կապված վերլուծություններ կատարելիս անհրաժեշտ է, չմոռանալ եւ կարեւորել լճի մակարդակի փոփոխությունը պայմանավորող գլխավոր գործոնը՝ բնական հիդրոօդերեւութաբանական պայմանները:

Հարկ եմ համարում ուշադրություն հրավիրել այն անհիմն մտքի վրա, թե լճից կատարվող ջրառի տվյալները ինչ-որ տեղ «սրբագրվում են» եւ իրական չափերից փոքր ներկայացվում: Հստակեցնեմ. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը, հանդիսանալով ՀՀ տարածքում մակերեւութային ջրային օբյեկտների վրա քանակական մոնիտորինգ իրականացնող պատասխանատու կառույց, դրանում շահագրգռվածություն բոլորովին չունի եւ հակառակը, Սեւանա լճի խնդրով մտահոգ մյուս կառույցներից եւ ՀԿ-ներից պակաս շահագրգիռ չէ Սեւանա լճի մակարդակի բարձրացման եւ նրա էկոլոգիական հավասարակշիռ վիճակի պահպանման հարցերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ