News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին  այսօր՝ օգոստոսի 27-ին, ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի եւ Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալ Արմեն Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը փոխելու եւ նրան ազատ արձակելու վերաբերյալ։ Փաստաբան նշեց, որ Արմենի հարազատները պատրաստ են մինչեւ 500,000 դրամի գրավ առաջարկել խափանման միջոց կալանքը փոխելու դիմաց։

«Արմեն Հովհաննիսյանի մեղադրանքի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ նա հրել ու ֆիզիկական ցավ է պատճառել երկու ոստիկանի՝ Գեղամ Խաչատրյանին եւ Արա Մարտիրոսյան, սակայն տեսանյութերում այս ամենն արձանագրված չէ։ Արա Մարտիրոսյանն էլ դատարանում ասաց, որ չի հիշում, որ Արմեն Հովհաննիսյանն իրեն հրել է։ Միայն ոստիկան Գեղամ Խաչատրյանը իր ցուցմունքում ասաց, որ Արմեն Հովհաննիսյանը հրել է իրեն եւ Արա Մարտիրոսյանին»,- հայտարարեց Արա Զաքարյանը եւ հավելեց, որ Գեղամ Խաչատրյանի՝ իր պաշտպանյալի դեմ տված ցուցմունքն էլ չի կարող հաստատել մեղադրանքը։

«Ըստ Եվրոպական կոնվենցիայի՝ միայն ոստիկանի ցուցմունքը չի կարող առաջադրված մեղադրանքի հիմքում լինել։ Իսկ Արմեն Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած է միայն Գեղամ Խաչատրյանի ցուցմունքը»,- ասաց Արա Զաքարյանը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։

Մինչեւ այդ ամբաստանյալ, ազատամարտիկ Վարդան Վարդանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը դատարանին ներկայացրեց ազատամարտիկի պատվոգրերն ու փաստաթղթերի պատճենները, որոնք կցվեցին գործին։

Ամբաստանյալ  Հայկ Հարությունյանի պաշտպան Ռուբեն Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց դատարան հրավիրել և հարցաքննել Հայկի հինգ մարտական ընկերներին՝ հաստատելու համար այն հանգամանքը, որ Հայկը կամավոր մասնակցել է հայրենիքի պաշտպանությանը 93թ.։ Վարդան Վարդանյանն էլ հաստատեց, որ ժամանակին Հայկն իր ենթակայության տակ է աշխատել և մասնակցել գործողություններին, և նշեց, որ եթե այդ քաղաքացիների հարցաքննությունը կարող է օգնել Հայկին, ուրեմն ինքը դեմ չէ։ Նույնն ասաց նաև Շանթ Հարությունյանը՝ նշելով, որ եթե նրանց վկայությունը չի վնասի գործին, կարող են գալ և վկայություն տալ։ Մեղադրողն առարկեց՝ ասելով, որ այդ անձինք գործի հետ առնչություն չունեն։ Դատավորը  այդ անձանց՝ մեղադրանքի հետ անմիջականորեն կապ չունենալու հիմնավորմամբ միջնորդությունն ամբողջությամբ մերժեց։ Դատական նիստով միայն արձանագրվեց Վարդան Վարդանյանի խոսքը այն մասին, որ Հայկը մասնակցել է իր հետ մարտական գործողությունների։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:

Տպել
Ամենաշատ