News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին  այսօր՝ օգոստոսի 27-ին, դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի փաստաբան Արա Զաքարյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու եւ նրան ազատ արձակելու վերաբերյալ։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատարանում ընթերցեց որոշման միայն եզրափակիչ մասը՝ չներկայացնելով հիմնավորումները։ Նշենք, որ Արմեն Հովհաննիսյանի հարազատները մինչեւ 500 հազար դրամի գրավ էին առաջարկել նրա խափանման միջոցը փոխելու դիմաց։ Փաստաբանն իր միջնորդությունը հիմնավորել էր նրանով, որ Արմեն Հովհաննիսյանի դեմ վկայություն է տվել միայն մեկ ոստիկան, իսկ Եվրոպական կոնվենցիայով դա բավարար չէ մեղադրանքի հիմք համարվելու համար։

Պաշտպան Արա Զաքարյանը ներկայացրեց եւս մեկ միջնորդություն՝ փոխել իր մյուս պաշտպանյալ Տիգրան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը, իսկ դա մերժելու դեպքում՝ ազատ արձակել գրավի դիմաց։

Դատախազ Գեւորգ Գեւորգյանը առարկություն ներկայացրեց միջնորդության դեմ, դատավորը գնաց խորհրդկացական սենյակ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:

Տպել
Ամենաշատ