News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դատավորները կընտրվեն եւ կնշանակվեն Արդարադատության խորհրդի կողմից օբյեկտիվ եւ թափանցիկ գործընթացով` կիրառելով նաեւ համակարգչայնացված ընթացակարգ: Այս մասին, օգոստոսի 26-ին, ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված դատավորների թեկնածուների թեստավորման ու նշանակման, ինչպես նաեւ դատավորների գնահատման ու առաջխաղացման ընթացակարգի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հովհաննես  Հովակիմյանը:

Քննարկմանը մասնակցել են ինչպես ՀՀ արդարադատության նախարարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: 

Հանրային քննարկման նպատակը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների միջեւ մտքերի փոխանակումն էր՝ դատավորների թեկնածուների թեստավորման ու նշանակման, ինչպես նաեւ առաջխաղացման գործող կարգի հնարավոր բարեփոխումների վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանը ողջունել է քննարկման մասնակիցներին եւ կարեւորել օրակարգում ընդգրկված հարցի անհրաժեշտությունը: Նա  պատրաստակամություն  է հայտնել լսել բոլորի կարծիքներն ու կառուցողական առաջարկները:

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հովհաննես  Հովակիմյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ դատական օրենսգրքում՝ դատավորներին նշանակելու, գնահատելու, խրախուսելու, կարգապահական տույժերի ենթարկելու եւ դատավորների անկախությունն ամրապնդելու կառուցակարգերի առնչությամբ կատարված փոփոխություններն ու լրացումները:

Նա տեղեկացրել է, որ դատավորների թեկնածուների թեստավորումն ու նշանակումը կարգավորող համապատասխան օրենսդրությունը վերանայված եւ ընդունված է: 

Փոփոխության արդյունքում Արդարադատության խորհրդում հարցազրույցների ընթացակարգն արդեն կարգավորվում է օրենքով, իսկ վերանայված օրենսդրությունը կիրառվում է բոլոր նոր դատավորների թեկնածուների նկատմամբ:

Դատական օրենսգրքում կատարվել է նաեւ համապատասխան լրացում, որը հնարավորություն է ընձեռում կարգապահական պատասխանատվության ենթարկելու նաեւ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց:

Նախարարության ներկայացուցիչ Հովհաննես Հովակիմյանը կարեւորել է նաեւ օրենսդրական այն փոփոխությունը, համաձայն որի, ՀՀ նախագահը այսուհետ կամ հաստատում է Արդարադատության խորհրդի կազմած ցուցակը կամ այն վերադարձնում է Արդարադատության խորհուրդ` պահանջելով նոր քննարկում:

Քննարկմանը ներկա քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք առաջարկներ են ներկայացրել, մասնավորապես դատավորների քննության ողջ գործընթացն առավել թափանցիկ դարձնելու, ապագա դատավորի անձնային հատկանիշները՝ նրա հուզական վիճակը, կողմնորոշվելու ունակությունը եւ այլ հոգեբանական հատկանիշների գնահատման համար  համապատասխան մասնագետ-հոգեբաններ ներգրավելու վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ