Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի մերձակայքում իսրայելական արտադրության Hermes անօդաչու թռչող սարք է կործանվել: Այս մասին գրում է FARS գործակալությունը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցներին: Ինքնաթիռի կործանման պատճառը հայտնի չէ:
Միաժամանակ, իրանական գործակալությունը ոչ մի լուսանկար չի հրապարակել, որոնք կհաստատեին, որ խոսքը հենց իսրայելական անօդաչու թռչող սարքի մասին է:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Իրաքի բանակի ներկայացուցիչները խնդրի առնչությամբ դեռեւս որեւէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել:
Կիրակի Reuters գործակալությունը հաղորդում էր, որ իրանական զինվորականներն Իսլամական հանրապետության օդային տարածքում հարվածել են իսրայելական հետախուզական անօդաչու սարքի: Նրանց խոսքով, ինքնաթիռը փորձել է թափանցել Նաթանզա շրջան, որտեղ տեղակայված է ուրանի հարստացման միջուկային ձեռնարկությունը: Ըստ հաղորդագրության, անօդաչու թռչող սարքին հարվածել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը: