News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 5-ի գործով առաջին դատական նիստից առաջ՝ հունիսի 12-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտ 5 ոստիկանների վիրավորած, ապա կալանավորված Հայկ Կյուրեղյանին դատարանը թույլ տվեց տեսակցել՝ բավարարելով նրա փաստաբան Արա Զաքարյանի միջնորդությունը։ Նշենք, որ կալանավորումից հետո երկու ամիս է, ինչ հարազատներին թույլ չէին տալիս այցելել Հայկ Կյուրեղյանին:

«Սա պատճառաբանված որոշում է  դատարանի կողմից: Եթե սա ուժի մեջ մտավ եւ դատախազությունը չբողոքարկեց, այն կարող է նախադեպային նշանակություն ունենալ»,- այս մասին այսօր՝օգոստոսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Կյուրեղյանի փաստաբան Արա Զաքարյանը՝ տեղեկացնելով, որ որոշումն ուժի մեջ կմտնի 10 օրից:

Փաստաբանի խոսքով՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է թույլատրել Հայկ Կյուրեղյանի հետ տեսակցությունները,  քանի որ քննիչը բավարար փաստեր չի բերել տեսակցությունների արգելանքը հիմնավորելու համար:

«Դատարանը որոշման մեջ նշել է, որ քննիչի կողմից ակնհայտորեն չեն բերվել այնպիսի հիմնավորումներ, որ տվյալ դեպքում իրոք կա նման անհրաժեշտություն: Այսինքն, քննիչի կողմից բերված վերացական փաստարկները, որ դրանով ինքը ցանկանում է ապահովել քննության լրիվությունը, բազմակողմանիությունը եւ օբյեկտիվությունը, անկողմնակալ դիտորդի համար ակնհայտորեն անբավարար են»,- նշեց Արա Զաքարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ նախաքննական մարմինը ցանկանում է Կյուրեղյանի մեղադրանքը վերաորակել 258 հոդվածից 316-ի 2-րդ մաս՝ այսինքն խուլիգանությունից՝ ոստիկանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել է մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին հաջողվել էր նրան վնասազերծել ու տանել ոստիկանություն։ Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, Հայկ Կյուրեղյանը կալանավորված է:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ