News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի Այգեգործական թաղամասի մոտ սնկի աճեցման համար անհրաժեշտ կոմպոստ արտադրող «Առողջ սունկ» ընկերության արտադրամասի գործունեությունից թաղամասում տարածված գարշահոտության դեմբողոքող բնակիչներն այսօր՝ օգոստոսի 28-ին Կառավարություն էին գնացել՝ պահանջելով ուսումնասիրություն կատարել եւ տեղափոխել գործարանը:

«Վերջ գարշահոտությանը», «Պահանջում ենք մաքուր օդ» պաստառներով նրանք կանգնեցին կառավարության շենքի մոտ, փոխանցեցին վարչապետին ուղղված նամակն ու հեռացան։

««Առողջ սունկ» ՍՊԸ-ն զբաղված է իր արտանետումներով մեզ թունավորելով: Բնակիչներին հասցրել է էն աստիճանի, որ մարդիկ թողել են ամեն ինչ, հավաքվել են այստեղ: Էդ գարշահոտությունից դաժե տունը չենք կարում քնենք, ամառվա շոգին պատուհանները փակ ենք պահում: Երեխաները չեն գալիս հանգստանալու, ասում են՝ խեղդվում են էդ հոտից: Վնասվել է անգամ էկոլոգիան, ծառերը մեծ մասը չորացել է, եղած մրգից էլ էդ հոտն ա գալիս: Ծառերի մեջ մի ծիտ չկա, վերացել են»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Գագիկ Հովակիմյանը:

Բնակիչների խոսքով՝ արդեն 8 ամիս է, ինչ ընկերությունն սկսել է իր աշխատանքը, սակայն ամառվա շոգին դրանից տարածվող գարշահոտությունն ավելի է սաստկացել: Նրանք նշեցին, որ ՍՊԸ-ի կառուցած գործարանը իրենց բնակավայրերից ու ամառանոցներից 100 մետր հեռավորության վրա է գտնվում, այնինչ պետք է ամենաքիչը մեկ կիլոմետր հեռու լիներ:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ բնակիչները, որոնց մի մասը մշտական բնակիչներ են, մյուսները՝ ամառանոցների սեփականատերեր, բողոքի ցույց էին կազմակերպել հենց Նուռնուսում, նրանց ընդունել էր «Առողջ սունկ» ընկերության տնօրենը, սակայն, ինչպես նշեցին բնակիչները, հանդիպումը ոչ մի արդյունք չի տվել:

«Ասում են՝ եթե ֆիլտր էլ դնենք, հոտը լինելու է, բայց քիչ: Ամենավտանգավոր բանը՝ դրանից թոքերի քաղցկեղ է առաջանում: Եթե ֆիլտրեր դնեն, դա ավելի դանդաղ կլինի, եթե առանց ֆիլտրների՝ արագ տեմպերով: Ի՞նչ անենք մենք, մաքուր օդ ենք ուզում»,-ասաց բնակչուհիներից Սաթենիկ Հովակիմյանը՝ նշելով, որ առայժմ կսպասեն վարչապետին ուղղված նամակի պատասխանին, այնուհետեւ կորոշեն իրենց հետագա անելիքները:

Տպել
Ամենաշատ