News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան համակարտության արդյունքում Հայաստանում գրանցվել է ավելի քան 400 անհայտ կորած մարդ: Այս մասին ասված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Հաղորդագրությունում ասվում է, որ օգոստոսի 30-ի՝ Անհայտ կորածների միջազգային օրվան ընդառաջ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է անում միջազգային հանրությանը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել անհայտ կորած անձանց ողբերգության, ինչպես նաեւ այն իրավիճակի հանդեպ, որում հայտնվել են նրանց ընտանիքները։

Նշվում է, որ ղարաբաղյան համակարտության արդյունքում Հայաստանում գրանցվել է ավելի քան 400 անհայտ կորած մարդ։ Դեռ 1992թ․-ից իր մարդասիրական գործունեությունը տարածաշրջանում սկսելուց ի վեր՝ ԿԽՄԿ-ն սերտ համագործակցում է իշխանությունների հետ՝ անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու եւ նրանց ընտանիքների կարիքները հոգալու նպատակով։

Սատարելով իշխանությունների ջանքերին՝ անհայտ կորածների ճակատագրի վերաբերյալ ընտանիքներին տեղեկատվություն տալու հարցում, ԿԽՄԿ-ն իրականացնում է մանրամասն տվյալների հավաքագրման ծրագիր։ Այն ներառում է անհայտ կորածների ընտանիքների անդամներից կենսաբանական նմուշների հավաքում, ինչը թույլ կտա մեծացնել աճյունների նույնականացման հավանականությունը։ ԿԽՄԿ-ն նաեւ սատարում է համապատասխան կառույցներին՝ այդ հիմնախնդրի առնչությամբ իրավական դաշտ ստեղծելու հարցում։

Կազմակերպությունն աշխատում է հանրապետության ողջ տարածքում բնակվող անհայտ կորածների ընտանիքների հետ՝ նրանց տրամադրելով նյութական օժանդակություն տների վերանորոգման համար, ինչպես նաեւ միկրոտնտեսական ծրագրի շրջանակներում աջակցելով նրանց՝ փոքր բիզնես ձեռնարկելու եւ մասնագիտական հմտություններ ձեռքբերելու գործում։ Հայկական Կարմիր խաչի ընկերության եւ տեղի գործընկերների հետ համատեղ ԿԽՄԿ-ն ընտանիքներին տրամադրում է նաեւ սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ օգնելով նրանց հաղթահարել կորստի ցավը եւ լուծել իրենց առջեւ ծառացած առողջական, իրավական եւ սոցիալական խնդիրները։

Աշխարհի բոլոր վայրերում կան հարյուր հազարավոր անհայտ կորած անձինք՝ զինված հակամարտությունների, բնական աղետների կամ միգրացիայի հետեւանքով։ Յուրաքանչյուր անհայտ կորած իր հետեւում թողնում է բազմաթիվ տառապող անձանց, ընտանիքի անդամների՝ կատարվածի մասին անորոշության կսկիծը սրտներում։

«Անհայտ կորածների դեպքում կան երկու տեսակի տուժածներ․ անհայտ կորած անձը եւ նրա ընտանիքի անդամները, որոնք դեգերում են հույսի եւ հուսալքության, անորոշության եւ ցավի միջեւ, երբեմն տասնամյակներ շարունակսպասելով որեւէ լուրի»,-ասում է Մարիան Պիկասուն՝ անհայտ կորածներին եւ նրանց ընտանիքներին ուղղված ԿԽՄԿ ծրագրերի ղեկավարը։ Թեեւ ամեն ինչից առավել ընտանիքները կարիք ունեն պարզելու իրենց հարազատի հետ կատարվածը, այնուամենայնիվ, իրենց անհայտ կորած սիրելիի հիշատակը պատշաճ կերպով հարգելու կարիք եւս ունեն»,- ասում է տիկին Պիկասուն։

Որոշ վայրերում անհայտ կորածների թիվն ապշեցնող է։ Օրինակ Կոլումբիայում սկզբնապես հայտարարված 90,000-ից 68,000-ից ավելին դեռեւս մնում են անհայտ կորած։ Շրի Լանկայում դեռեւս չբացահայտված է մնում 16,000 մարդու ճակատագիր։ Պերուում անհետացել է 13,000-16,000 մարդ, եւ նրանց ընտանիքները դեռ սպասում են լուրի։ Բալկաններում հակամարտության հետեւանքով անհայտ կորած է համարվում ավելին քան 11,000 մարդ՝ ԿԽՄԿ-ի ցուցակներում գրանցված 35,000-ից։

«Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները պարզելու անհայտ կորած անձանց ճակատագրերը եւ գտնվելու վայրը եւ այդ մասին տեղեկացնել նրանց ընտանիքներին»,- ասաց Քրիստին Բիիրլին՝ ԿԽՄԿ-ի փոխնախագահը, ԿԽՄԿ-ի կենտրոնական գրասենյակում կազմակերպված հիշատակման միջոցառման ժամանակ, որին ներկա էին գտնվում կառավարության ներկայացուցիչներ, Ժնեւում գործող մարդասիրական եւ դիվանագիտական կառույցների անդամներ։

ԿԽՄԿ-ին մշտապես մտահոգում է այն հարցը, որ անհայտ կորածները եւ նրանց ընտանիքները հաճախ անտեսված են։ Կազմակերպությունը ներկայումս փորձում է պարզել 52,000 մարդու ճակատագիրը եւ գտնվելու վայրը։ «Այս թիվը սառցաբեկորի գագաթն է միայն, քանի որ սրանք այն դեպքերն են, որոնց համար հարազատները դեմել են ԿԽՄԿ-ին։ Գիտակցում ենք, որ աշխարհում իրական թիվը շատ ավելի մեծ է», - ասում է տիկին Պիկասուն։ Անմիջականորեն անհայտ կորած անձանց ընտանիքների հետ աշխատելուց բացի, ԿԽՄԿ-ն կարեւոր դերակատարություն ունի այս հիմնահարցը հանրային օրակարգ մտցնելու գործում։ Կազմակերպությունը խրախուսում է իշխանություններին՝ միջոցներ ձեռնարկել անհայտ կորած անձանց որոնելու եւ նրանց ընտանիքների կարիքներին արձագանքելու ուղղությամբ։

Անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ ԿԽՄԿ-ն ներկայացնում է նոր տպագիր նյութ՝ «Ապրելով բացակայի հետ․ օգնություն անհայտ կորածների ընտանիքներին»։ Այն բացահայտում է անհայտ կորածների ծանր փորձությունները, ընտանիքների բազմաթիվ կարիքները եւ նկարագրում ԿԽՄԿ-ի իրականացրած թիրախային ծրագրերը։ Նյութը տպավորիչ դարձնելու համար մեջբերված են նաեւ ընտանիքների անդամների խոսքեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ