News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մյանմարի (որը հայտնի է նաեւ որպես Բիրմա) ամենահին եկեղեցիներին մեկը պայքարում է գոյության համար. եկեղեցու հոտը հազվադեպ է հասնում երկնիշ թվի: Սակայն արտաքին ներդրումների եւ զբոսաշրջանության վերաբերյալ երկրի բաց քաղաքականությունը հույս է ներշնչում: Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն:

Յանգոնի Հայկական եկեղեցու հոգեւորական Ջոն Ֆելիքսը, ինչպես նաեւ նրա համայնքը, հայերեն չեն խոսում: 150-ամյա եկեղեցին հրաշալի վայրում է տեղակայված՝ Յանգոնի կենտրոնական փողոցի անկյունում: Այդ գեղեցիկ շինությունն աղմկոտ քաղաքում հանգստության վայր է: Առեւտրի փողոցում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ Հայկական եկեղեցին այն ամենն է, ինչ մնացել է քաղաքի հիմնական առեւտրային համայնքներից մեկից:

«Դատելով եկեղեցական արձանագրություններից՝ ժամանակին Բիրմայում մի քանի հարյուր հայ ընտանիք է բնակվել, սակայն վերջին «լիարժեք» հայը մահացավ անցյալ տարի: Ամբողջ երկրում ընդամենը 10 կամ 20 ընտանիք կա, որոնք մասամբ հայ են: Եվ նրանց չնչին մասն է եկեղեցի հաճախում»,- պատմում է Ֆելիքսը:

17-րդ դարի սկզբին մեծ թվով հայեր փախել են Օսմանյան կայսրությունից եւ բնակություն հաստատել ժամանակակից Իրանի տարածքում՝ Սպահանում: Ավելի ուշ նրանցից շատերը մեկնել են այնտեղից՝ առեւտրային ցանց ձեւավորելու համար, որը ձգվել է Ամստերդամից մինչեւ Մանիլա: Բրիտանական Հնդկաստանում նրանց ազդեցությունը գագաթնակետին է հասել 19-րդ դարավերջին, երբ, ըստ մարդահամարի, շուրջ 1.300 հայեր ապրել են հիմնականում Կալկաթայում, Դաքքայում եւ Ռանգունում:

Բիրմայի թագավորական պալատին մերձավորությունը նրանց հատուկ արտոնյալ կարգավիճակ է շնորհել Ռանգունի առեւտրային հասարակությունում: Ասում են՝ հողատարածքը, որտեղ կառուցվել է եկեղեցին, հայերին նվիրել է Բիրմայի թագավորը: Սակայն անցյալ հարյուրամյակի ընթացքում աստիճանաբար այդ շրջանների հայերը, անհանգստացած քաղաքական եւ տնտեսական անկայունությամբ, իրենց համար նոր տուն են գտել. Ավստրալիան դարձել է նրանց սիրելի վայրերից մեկը:

Վերջին հարյուրամյակում Մյանմարը բազմաթիվ աղետներ ու ցնցումներ է տեսել: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ճապոնացիները գրավել են երկիրը: Այն տուժել է ավելի, քան տարածաշրջանի այլ երկրներ: Շատ հայեր եղել են նրանց թվում, ովքեր պատերազմի տարիներին ջունգլիներով եւ անտառներով դժվարին ճամփորդություն են կատարել դեպի հյուսիս՝ համեմատաբար անվտանգ Բրիտանական Հնդկաստան: Եկեղեցու հիշատակարանում հայկական մի ընտանիքի 13 անդամի անուն է նշվում, ովքեր մահացել են այդ ճամփորդության ժամանակ:

Վերջին մի քանի տարիներին Մյանման շարժվում է դեպի ժողովրդավարություն եւ լայնորեն դռներն է բացում օտարերկրյա ընկերությունների եւ ներդրումների համար: Երբեմնի բազմազգ քաղաքը կրկին սկսել է ավելի գլոբալ տեսք ստանալ: Եվ գլոբալիզացիայի նոր ալիքը կարող է օգնել եկեղեցուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ