News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանն առաջարկում է ՀՀ արտաքին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի անունը փոխել եւ անվանել խորհրդային կուսակցական գործիչ,  Խորհրդային Հայաստանի Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ասքանազ Մռավյանի անունով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ Շանթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելուն:

«Սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ իշխանությունները ոչ միայն հայրենիքի դավաճաններ են, այլեւ չունեն տարրական մարդկային արժանապատվություն: Ես կոչ եմ անում բոլորին, որպեսզի պայքարեն, որ այս դավաճան իշխանությունները հեռանան, նաեւ առաջարկում եմ, որ Էդվարդ Նալբանդյանի անունը փոխենք, դնենք Ասքանազ Մռավյան: Վատ բան չեմ ասում, Ասքանազ Մռավյանը գիտեք ով է եղել՝ Սովետական ստրկատիրական միության արտաքին գործերի նախարարը»,- ասաց նա:

Շանթ Հարությունյանի կարծիքով՝ Հայաստանի մասնակցությունը Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը նման բարձր մակարդակով պայմանավորված է Ռուսաստանի թելադրանքով:

«Պորոշենկոյի ինոուգուրացիային Հայստանի դեսպանն էր ներկա եղել, ինչ է թե Ռուսաստանը պատերազմի մեջ էր գտնվում, իսկ Թուրքիայի դեպքում Հայաստանը բարձր մակարդակով էր մասնակցում, որովհետեւ Ռուսաստանն էլ էր բարձր մակարդակով մասնակցում: Եթե Թուրքիան իսկապես լիներ Ռուսաստանի թշնամին, ապա Հայաստանը շատ խիստ կպատժվեր նման բարձր մակարդակով մասնակցելու համար։ Տարիներ հետո էլ կասեն Սերժ Սարգսյան-էրդողան դավաճանական պայմանագրի մասին, ինչպես նախորդ դավաճանական պայմանագրերի մասին են խոսում, բայց այլեւս նոր աշխարհագրական պայմաններում»,- ասաց Շանթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի արտգործնախարը իր այս քայլով ճանաչեց Թուրքիայի տարածքային ամբողջականությունը. «Մեր արտգործնախարարը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականություւնը, քանի որ Էրդողանի քաղաքական սկզբունքներից է տարածքային ամբողջականության սկզբունքը, նաեւ ընդունում է այն, որ Էրդողանը հայ լինելը վիրավորական է համարում»:

Ամբաստանյալի կարծիքով՝ Ռուսաստանը Հայաստանին դնում է Թուրքիայի տրամադրության տակ. «Ռուսները կասեն՝ ընկեր էրդողան, գնա, մի երկու բան էլ խոսա, հո հողերը հետ չե՞ս վերադարձնելու: Դրա համար էլ մեզ համար դրել են պրեզիդենտ Սերժ Սարգսյան եւ արտգործնախարար Նալբանդյան, որ ամեն րոպե ասեն, իրենք էլ վազելով գնան»:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:

Տպել
Ամենաշատ