News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ ուղերջ է հղել եւ զորակցություն հայտնել նրանց ընտանիքների անդամներին։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Արցախյան ազատամարտը մեզ համար այն սրբագույն պայքարն էր, որով կարողացանք պահպանել մեր ժողովրդի արժանապատվությունը: Ցավոք, պատերազմում ունեցել ենք անդառնալի կորուստներ, եղել են նաեւ անհայտ կորածներ, որոնց ճակատագիրը մինչ այսօր անհայտության մեջ է:

Այսօր` անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ հերթական անգամ հիշում ենք նրանց եւ մեր զորակցությունը հայտնում անհայտ կորածների ընտանիքների անդամներին:

Տարիներ առաջ` ստեղծելով Հայաստանի անհայտ կորածների, գերիների եւ պատանդների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը, մեր պետությունը միջազգային կազմակերպությունների միջոցով հետեւողական աշխատանք է տանում, որպեսզի անհայտ կորածների ճակատագրերը պարզորոշ դառնան, եւ ապահովվի ողջ մնացածների վերադարձը հայրենիք:

Որպես այդ հանձնաժողովի նախագահ` ես առավել շահագրգռված եմ, որ վերջ դրվի տարիներ շարունակ ձգձգվող անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների անդադար տառապանքներին: Հավաստիացնում եմ, որ, կիրառելով միջազգային ատյանների հետ համագործակցության բոլոր ուղղությունները, մենք հայրենիք կվերադարձնենք օտարության մեջ ընտանիքների կարոտով ապրող մեր որդիներին:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի տվյալներով` Ղարաբաղյան համակարտության արդյունքում մեզ մոտ գրանցվել է ավելի քան 400 անհայտ կորած մարդ: Դեռ 1992թ.-ից Հայաստանի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն սերտ համագործակցում է հայաստանյան իշխանությունների, մասնավորապես` պաշտպանության նախարարության հետ՝ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու եւ նրանց ընտանիքների կարիքները հոգալու նպատակով։

Մենք մշտապես մտահոգված ենք անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների անտեսված չլինելու կարեւոր խնդրով, որը պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում:

Սփոփում, մխիթարանք եւ համբերություն եմ մաղթում բոլոր անհայտ կորածների ընտանիքների անդամներին, վստահեցնելով, որ մեր հետեւողական աշխատանքի շնորհիվ, այլեւս չենք արտաբերի «անհայտ կորած» եզրույթը»:

Տպել
Ամենաշատ