Հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի: Դիտարկումն անցկացվել է ՀՀ Տավուշի մարզի Չինարի եւ Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղերի ուղղությամբ: 1300 մետր հեռավորության վրա գտնվող դիտարկող խմբերի միջեւ վիզուալ շփում է հաստատվել:
Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն եւ Եվգենի Շարովը:
Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս հակառակորդը հատուկ ակտիվություն է դրսեւորել Չինարի գյուղի ուղղությամբ: Գյուղը պարբերաբար գնդակոծվել է: Օգոստոսի 7-ի առավոտյան Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը մոլորվել է եւ հայտնվել ադրբեջանական կողմում: Երիտասարդը ներկայացվել է որպես «դիվերսանտ», իսկ հաջորդ օրը ադրբեջանական կողմը հայտարարել է քաղաքացիական անձի մահվան մասին՝ «սրտի անբավարարության» պատճառով: