News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրահայտ գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա լիմիթեդ» եւ «Միկա քոնսթրաքշն» ընկերությունները գտնվում են անմխիթար վիճակում։ Երեկ մեր այցի ժամանակ ընկերությունում աշխատողներ գրեթե չկային։ Ընկերության բազմաթիվ հեռախոսներին պատասխանող չկա։ Օլիգարխ Բաղդասարովը վերջին շրջանում մեկը մեկի հետեւից կորուստներ է կրում։ Սկզբում սնանկացավ նրան պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը, 2 օր առաջ էլ նրան պատկանող «Միկա» մրազահամալիրը հանձնվեց ֆինանսների նախարարությանը։

Երեկ այցելեցինք «Միկա լիմիթեդ»՝ տեսնելու, թե ինչ է կատարվում։ Ընկերությունը գտնվում է Նալբանդյան փողոցում՝ բարձրահարկ էլիտար բնակելի շենքի առաջին հարկում։ Մուտք գորելուն պես ոտից գլուխ սեւ հագած երկու երիտասարդ մեզ զգուշացրին, թե սխալ ենք եկել։ Հարցին, թե տնօրենը տեղում է, նրանք չպատասխանեցին՝ խորհուրդ տալով հեռանալ։  Երիտասարդները, որոնցից մեկի անունը Նվեր էր ու խոսում էր Ղարաբաղի բարբառով, մեր հարցին, թե ինչով են զբաղվում «Միկա լիմիթեդում», պատասխանեց. «Նստելով»։ Եվ, իսկապես, մինչեւ մեր մուտք գործելը երիտասարդները նստած էին։ Նրանք ոչ մի հարցի չէին պատասխանում՝ նշելով, որ իրավասու չեն որեւէ բանի պատասխանելու։ Բացի երիտասարդներից գրասենյակում կային եւս 3-4 հոգի, որոնցից մեկը հավաքարարն էր։ Երիտասարդները ոչ մի  հարցի չպատասխանեցին՝ ասելով միայն, որ «Միկա լիմիթեդը» իրենց համար տուն է ու չի կարելի ուրիշի տուն գալ, մտնել ու հարցեր տալ։ Բայց ասացին, որ Միխայիլ Բաղդասարովը Հայաստանում չէ։ Ավելի ուշ արդեն հեռախոսով կապ հաստատեցինք ընկերության հետ. հեռախոսազանգին պատասխանեց մի աղջիկ, ում խնդրեցինք փոխանցել տնօրենին. «Մենք տնօրեն չունենք, ստեղ Բաղդասարովի ընդունարանն է»,- պատասխանեց։

Ի տարբերություն երիտասարդների՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ Բաղդասարովը Հայաստանում է, պարզապես տեղում չէ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ