News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առողջ սունկ» ձեռնարկությունը Նռնուս գյուղում անտանելի գարշահոտություն է տարածում, օգոստոսի 30-ի մամուլի ասուլիսում հայտնել են գյուղի «ամառանոցային» թաղամասի բնակիչները: Նրանք ասել են, որ ձեռնարկությունը մի քանի ամիս է խոստանում է վաղը-մյուս օրը դադարեցնել արտանետումները, սակայն գարշահոտությունը չի անցնում: Ձեռնարկությունը պարարտանյութ է արտադրում, որն ամենից հաճախ սունկ աճեցնելու համար են օգտագործում: Օրգանական այդ պարարտանյութի հիմքում թռչնաղբն է:

 «Դա հոտ չէ, այլ իսկական գարշահոտություն: Մարդկանց մոտ գլխապտույտ, սրտխառնոց է սկսվում: Պատկերացրեք սատկած առնետի հոտ, երբ անցնում եք  փողոցի մոտով: Հետո այդ հոտը ձեր քթի տակ պատկերացրեք»,- ասել է բնակիչ Լաուրա Վարդազարյանը: 

Մեկ այլ համագյուղացի Գեղամ Հովակիմյանի խոսքով` գործարանի ղեկավարությունը խոստացել էր 70 մետրանոց խողովակ դնել, որպեսզի արտանետումները գործարանից շատ վերեւում լինեին եւ օդը գոնե մի փոքր մաքրվեր: «Մեզ հենց այդպես էլ ասացին` բոլոր խնդիրները դա չի լուծի, բայց օդը փոքր-ինչ կմաքրվի: Բայց այդպես էլ ոչինչ չարեցին», - ասել է նա:

 Մեկ շաբաթ առաջ գյուղացիները եկել էին Երեւան` բողոքելու Կառավարության մոտ: Այնտեղ նրանց հայտնել էին հարցի վերաբերյալ աշխատանքային խումբ ստեղծելու մտադրության մասին, բայց հստակ ժամկետ չէին ասել: Այս խնդիրը մտահոգում է Նռնուսի շուրջ 2500 ընտանիքների:

Բացի նեխած հոտից, բնակիչները համացանցում կարդացել են, որ նման պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները պետք է բնակավայրերից առնվազն մեկ կմ հեռու գտնվեն: «Մեզ մոտ մի քանի անգամ քիչ է հեռավորությունը»,- նշել է Գեղամ Հովակիմյանը: Նա նաեւ հավելել է, որ հաշվի չի առնվել քամու ուղղությունը:  Գործարանը հենց այն մասում է, որտեղից քամին մշտապես փչում է Նռնուս գյուղի եւ Բյուրեղավան քաղաքի ուղղությամբ:

Ըստ բնակիչների`գործարանում գյուղից աշխատողներ չեն ընդունում, հիմնականում Բյուրեղավանից են, որը գտնվում է հարեւանությամբ: «Հոտը այդ քաղաք էլ է հասնում, երբեմն նաեւ` «Արզնի» առողջարան», - նշել է Լաուրա Վարդազարյանը: «Մեզ համար կարեւոր չէ, որ աշխատողները տեղացի չեն, նրանց էլ ենք խղճում: Մաշկները դեղնել է, աչքները` բորբոքվել: Նրանք ի՞նչ է, մարդ չե՞ն», - հավելել է նա:

 Տարածքից չվում են թռչունները, անգամ` ագռավները: «Այժմ դրանց պարզապես չեք տեսնի: Էլ չասենք, թե ինչ է լինում մեր այգիների հետ: Ինքներդ կարող եք գալ եւ համոզվել: Մրգերը չեն հասունանում: Իսկ այդ այգիների համար մեր ծնողները տարիներով հերկել են հողը: Այստեղ ախր ամենուր քարեր էին: Ինչ կլինի հետո, չգիտեմ»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ