News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իտալական իշխանությունները հետաքննություն են սկսել բժշկի նկամամբ, որը 9 տարի բացակայել է աշխատանքից դասընթացների գնալու, արձակուրդի կամ հիվանդության պատրվակով` այդ ընթացքում ստանալով լիարժեք աշխատավարձ, գրում է The Daily Telegraph-ը:

Սիցիլիացի 50-ամյա բժիշկը, որի անունը չի հաղորդվում, մասնագիտությամբ սկսել է աշխատել 2005թ., սակայն իսկույն համալսարանում դասընթացների է  գնացել, որոնք վճարվել են հարկատուների գրպանից:

2008 թ. հոկտեմբերին վերադառնալով` բժիշկը, ընտանեկան հանգամանքները պատճառ բերելով, կես տարով վարձատրվող արձակուրդ է վերցրել, հետո 15 օր աշխատել է հիվանդանոցում, այնուհետեւ հիվանդության պատրվակով բացակայել մինչեւ 2009-ի հուլիսը:

Առողջանալուց հետո նա համալսարանում եւս մեկ դասընթացի է հաճախել, որը շարունակվել է մինչեւ այս տարվա հունիս: Մինչեւ 2016թ. վերջը նա նախատեսում է դոկտորի աստիճան ստանալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

 Հիվանդանոցի գլխավոր բժիշկը ասել է, որ բացակայող բժշկին փորձել է վերադարձնել աշխատավայր, սակայն չի կարողացել. ամեն ինչ օրենքի շրջանակում է արվել:

Բժիշկն ինքը հայտնում է, որ մամուլի կողմից անարդարացի հալածանքների է ենթարկվում: «Մամուլն ինձ Լինչի դատաստանի է ենթարկում, սակայն հիվանդանոցում էլ են խոստովանում, որ օրենքի շրջանակում եմ գործել: Դասընթացների գնալը նորմալ է, իսկ ինձ պատժում են ինտելեկտս զարգացնելու համար», - նրա խոսքերն է մեջբերում The Daily Telegraph-ը: Ըստ բժշկի` եթե ինքն աշխատանքի վերադառնա, ձեռք բերած գիտելիքները հիվանդների օգտին է ծառայեցնելու:

Չնայած բոլոր արդարացումներին, Իտալիայում սա դիտվում է որպես հազարավոր պետպաշտոնյաների անարդյունավետ աշխատանքի օրինակ, որոնք օրենքի սողանքներից օգտվում են աշխատանքից գլուխ պահելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ