Հայաստանի դպրոցական ճաշարաններում մինչեւ հիմա էլ սինթետիկ ներկանյութերով եւ համային հավելումներով մթերք են վաճառում, օգոստոսի 30-ին լրագրողներին հայտնել է «Սպառողների իրավունքների պաշտպանության ակադեմիայի» փոխտնօրեն Միլետա Արիստակեսյանը:
Նա ուշադրություն է դարձրել, որ Հայաստանում առայսօր չի կազմվել դպրոցներում վաճառքը թույլատրվող մթերքների ցանկը. «Երեխան, որին ծնողները նախաճաշի գումար են տալիս, ուրախանում է, որ կարող է ինքնուրույն գնում անել եւ գնում է ամենապայծառն ու գեղեցիկը: Իսկ դա բնավ ամենաօգտակարը չի լինում», - հավելել է նա: Երեխաներին գրավող համը հիմնականում սինթետիկ հիմքով համային հավելումներն են ապահովում: «Տարիներ անց դրանք կարող են հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության, անպտղության եւ այլ հիվանդությունների», - հավելել է նա:
Եւս մեկ վտանգավոր մթերք է ադի-բուդին: «Ակնհայտ է, որ Հայաստանը սեփական եգիպտացորեն այդքան շատ չունի, նշանակում է այն պատրաստում են դրսից բերվածով: Իսկ եգիպտացորենը ԳՄՕ-ի առումով ամենավտանգավոր մթերքն է»,- հավելել է Արիստակեսյանը: