Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համարում է, որ Ուկրաինան ու Ռուսաստանը դեռեւս չեն հասել անդառնալի կետի, սակայն շատ մոտ են դրան: Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում Եվրամիության նիստին մասնակցելուց հետո կայացած ճեպազրույցում:
Ըստ «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ի, Պորոշենկոն ասել է, որ նման իրավիճակի կարող են հասցնել ցանկացած հարձակողական գործողությունները: «Մենք ձգտում ենք ամեն ինչ անել, որպեսզի երկխոսության դուրս գանք»,- ասել է Պորոշենկոն:
Նա նշել է, որ երկխոսության հիմնական թեման պետք է լինի իրավիճակի քաղաքական կարգավորումը՝ խաղաղ ծրագրի իրականացմամբ: «Հաջորդ շաբաթ մենք այդ խաղաղ ծրագրի նախագիծը կհրապարակենք»,- ասել է նա:
Ուկրաինայի նախագահը նաեւ հաղորդել է, որ հաջորդ շաբաթ Կիեւում պետք է հանդիպում կայանա ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Հեյդա Տալյավինիի, Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի եւ Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովի մասնակցությամբ՝ խաղաղ ծրագրի առանձին հատվածները քննարկելու համար, մասնավորապես, որոնք վերաբերում են պատանդներին, ինչպես նաեւ Ուկրաինայում ԵԱՀԿ աշխատանքին: