News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 30-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Իջեւանում նա մասնակցել է հանրակրթական դպրոցների տնօրենների եւ մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը, այնուհետեւ ուղեւորվել է Մովսես գյուղ եւ սահմանամերձ գյուղի դպրոցին ու գյուղապետարանին վարչապետի կողմից համակարգիչներ նվիրել:

Տավուշի մարզպետարանում ավանդական օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ներկայացվել է մարզի կրթության ոլորտում 2013-2014թ.թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը: Նախարարն իր խոսքում հատուկ կարեւորել է սահմանամերձ համայնքներում կրթության կազմակերպման արդյունավետությունը՝ շեշտելով, որ բանակից հետո դպրոցը երկրորդ կարեւոր պաշտպանական գիծն է:
«Այս ամռանը տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանական առաջին գիծը՝ հայոց բանակի զինվորը, փայլուն դրսեւորեց իրեն: Դպրոցը, լինելով երկրորդ կարեւոր գիծը, չի կարող համարժեք չարձագանքել»,- մանկավարժների հետ հանդիպմանը հայտարարել է Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ ռազմահայրենասիրական կրթությունը պետությունը դիտարկում է գերակա ուղղություն: Նա նա հավելել է, որ պաշտպանության նախարարության եւ ԵԿՄ-ի հետ կրթության նախարարությունը նոր հայեցակարգ է մշակվում. շատ հավակնոտ մի ծրագիր, որը, լինելով ժամանակակից, միաժամանակ կլինի նաեւ ազգային է:

Նախարարի խոսքով` ամռանը գնդակոծության ենթարկված համայնքների դպրոցների եւ պետական բուհերում սովորող ուսանողների համար արտոնություններ են նախատեսված. «Արդեն դիմել ենք բուհերի ռեկտորներին՝ առաջարկելով պետական բուհեր ընդունված առաջին կուրսեցիների համար սահմանել ուսման վարձի առնվազն 30% զեղչ: Թեեւ օրենքը թույլ չի տալիս առաջին կուրսում այդ զեղչը կիրառել, այնուհանդերձ, մենք առաջին գծում գտնվող համայնքների ուսանողների համար այդպիսի բացառություն անելու ենք: Իսկ երկրորդ եւ բարձր կուրսերի ուսանողները կարող են օգտվել համակարգում գոյություն ունեցող սոցիալական այլ ծրագրերից»,- ասել է ԿԳ նախարարը: Բացի այդ, այդ համայնքների ուսանողներն իրենց վարձավճարները իրավունք կունենան վճարելու մաս-մաս՝ ամսական կտրվածքով: 

Խորհրդակցության ավարտին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը կրթության ոլորտում ունեցած վաստակի եւ երկարամյա մանկավարժական գործունեության համար շնորհակալագրեր ու պատվոգրեր է հանձնել մի շաք դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների: 

Իսկ սահմանապահ Մովսեսի դպրոցում նախարարը հանդիպել է մանկավարժների եւ աշակերտների հետ, պատրաստակամություն հայտնել գյուղի դպրոցին հատկացնել 2 նոր լաբորատորիա եւ աջակցել գրադարանի համալրման հարցում: Դպրոցի տնօրենը տեղեկացրել է, որ ամռանը գնդակոծություններից մեկի ժամանակ վնասվել է նաեւ դպրոցի պատը, սակայն արտակարգ պայմանները երբեք դպրոցի զանգը չեն լռեցրել: 

Նշենք, որ 162-ամյա դպրոցն այսօր ունի 132 աշակերտ, այստեղ անգամ ներառական կրթություն է կազմակերպվում: Ամառային միջադեպերից հետո 12 երեխա Մովսեսից տեղափոխվել է շրջկենտրոն Բերդի եւ հարեւան գյուղերի դպրոցներ: 
Իսկ լրագրողների հետ զրույցում նախարար Աշոտյանն ընդգծել է, որ կրկնակի ուշադիր է լինելու Մովսեսի եւ նման այլ համայնքների խնդիրների նկատմամբ՝ ոչ միայն հանրապետության ներսում, այլեւ միջազգային հարթակներում. «Կրթությունը դիտարկելով իբրեւ մարդու գերակա իրավունքներից մեկը՝ ցանկացած քայլ, որը կխոչընդոտի այդ իրավունքի իրացմանը, որը թելադրված կլինի քաղաքական կամ ռազմաքաղաքական նպատակներով, պետք է դատապարտվի նաեւ եվրոպական կրթական հանրության կողմից»:

Տպել
Ամենաշատ