News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի որդին՝  Ալեքսանդրը, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, առաջին անգամ դպրոց է գնալու: Նա հաճախելու է «Այբ» կրթահամալիր: Հովհաննես Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դպրոցի ընտրությունից մինչեւ ցանկացած այլ նախապատրաստական աշխատանքների նախաձեռնությունն իրենն է: «Աշխատանքի բերումով չի ստացվում շատ ժամանակ տրամադրել որդուս, բայց դպրոցի հարցում, հագուստի հեղինակային իրավունքներն իմն են, իհարկե, ընթացքում հաշվի եմ առել տղայիս ճաշակը: Պատկերացրեք՝ լուրջ բացահայտումներ արեցի: Ես ավելի շուտ ընկերական, խորհուրդներ տվող եւ երեխաներիս ազատությունից օգտվել սովորեցնող հայր եմ: Միշտ հիշում եմ, որ երեխան ծնողի օրինակով է մեծանում: Ալեքսանդրն աշխույժ, հարցասեր եւ հումորով տղա է, դեռեւս ինձ ավելի է վստահում, քան Բեթմենին կամ Սուպերմենին, տեսնենք…»,- ասաց նախարարը: 

Ալեքսանդրը մանկապարտեզ Վրաստանում է գնացել, Հովհաննես Մանուկյանի հավաստմամբ՝ որդու համար միջմշակութային հաղորդակցումը ոչ մի խնդիր չառաջացրեց, անգամ՝ լեզվական: «Դպրոցի մասին բոլորիս է հարցեր տալիս, պապիկին, ինձ: Այն օրը շատ լուրջ դեմքով, տղամարդավարի հայտարարեց, որ եթե ուսուցչուհին սիրուն լինի, կթողնի՝ իրեն պաչի: Տեսնենք, թե ինչպես կսովորի»,- ասաց նա:

Այս տարի առաջին դասարանցի է նաեւ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի որդին: Քանի որ ԱԺ փոխնախագահն ապրում է Նոր Նորքի 5-րդ զանգվածում, ընտրել են մոտակայքում գտնվող «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրը: 6-ամյա Հովսեփ Շարմազանովը այդտեղ այցելել է նաեւ նախակրթարան, իսկ այսօր տատիկի, մայրիկի եւ հայրիկի ուղեկցությամբ գնալու է առաջին դասարան: Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ տղան շատ ոգեւորված է դպրոց գնալու մտքից, խոստացել է բարձր առաջադիմություն ունեցող քրոջից լավ սովորել, առաջին անգամ դպրոց գնալիս էլ հրավիրել է բոլոր հարազատներին, հարեւաններին եւ ընկերներին: «Տառերը գիտի, հաշվելը գիտի, իր անունն ու ազգանունը գրել գիտի»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը: 

Պակաս ոգեւորված չէ նաեւ ԱԺ փոխնախագահը, քանի որ արդեն հասցրել է մոռանալ, թե 6 տարի առաջ ինչպես դպրոց տարան իրենց առաջնեկին՝ դստերը: Դպրոցական պատրաստություններին մասնակցել են ընտանիքի բոլոր անդամները: Կարեւորելով կոկիկ հագնվելը՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ որդին դպրոց կգնա սպիտակ վերնաշապիկով եւ մուգ գույնի տաբատով: Թեեւ առանձնակի շքեղություններ չեն արել, բայց Աժ փոխնախագահը խոստովանում է, որ դպրոցին պատրաստվելը բավական թանկ հաճույք է: «Մեր բախտը բերել է, իմ աշխատավարձը բարձրացել է, եւ անցյալ տարվա համեմատ՝ ընտանեկան բյուջեն այդքան էլ ճեղքված չի տվել: Բոլոր այն դպրոցներում, մանկապարտեզներում, որտեղ իմ երեխաները հաճախել են, չի եղել, որ ասեն՝ պաշտոնյայի երեխա է: Մենք ապրում ենք սովորական բնակարանում, սովորական հոգսերով, գուցե մեր հնարովորությունները մի քիչ ավելին են, բայց մեր ոտքերը գետնից կտրված չեն, երեխաները չեն էլ հասկանում, որ պապան պաշտոնյա է ու դա շատ ավելի լավ է, երեխաների հետ են շփվում, հեծանիվ են քշում»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Այս տարի «Կուպալյան» վարժարանի առաջին դասարանցիների շարքում է նաեւ Աժ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի որդին՝ Գագիկ Հարությունյանը: Նրան դպրոց կուղեկցեն հայրը, մայրը եւ մորաքույրը: «Հին հայկական օրենքներով, ոչ քաղքենի, ոչ եվրոռեմոնտ արած, իսկական մեր մանկության դպրոցներից է, հագնելու են համազգեստ, մասնագետները լավն են, դրա համար էլ հենց այդ դպրոցն եմ ընտրել»,- ասաց երգչուհին: Գագիկի դպրոց գնալուն պատգամավորը սկսել է պատրաստվել դեռ նախորդ տարվանից, երբ Նյու Յորքից նրան տաբատ, շապիկներ եւ այլ իրեր էր բերել: 

Թեեւ 6-ամյա Գագիկը աշխարհի մի շարք երկրներից գնված պայուսակներ է նվեր ստացել, բայց որեւէ մեկը հարմար չի եղել դպրոց գնալու համար, ուստի ծնողները նրան նոր պայուսակ, կոշիկ, գրենական պիտույքներ են գնել: Ընտրել է երգչուհին, վճարել է՝ ամուսինը, մեծ գումարներ չեն ծախսել: «Երեկ առավոտյան արթանացավ, դեռ Սեւանում էինք, նայեց ջրերին, ասաց՝ ես դպրոց գնալու հավես չունեմ, ասացի՝ բայց դու չես եղել դպրոցում, չգիտես՝ ինչ է, նոր ընկերներ ձեռք կբերես, այնտեղ շատ լավ է, ինքն էլ թե՝ ես չոփիկ եմ ուզում, չոփիկ: Փոքր է դեռ, թվում է, թե մեծ է, բայց իրականում պստիկ են: Ինձ այսօր առավոտյան հարցնում էր, թե՝ մամ, դասատուն ինձ սիրելո՞ւ է, ասում եմ՝ ինքը բալիկներին սիրում է, ինքը պիտի զգա սերը, ջերմությունը: Ես գիտեմ իր հնարավորությունները, եթե ինքը սիրեց, անպայման կանի»,- ասաց Շուշան Պետրոսյանը:

Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր «Քվանտ» վարժարանի առաջին դասարան կուղեկցի իր թոռնիկին: 

 

 

 

Տպել
Ամենաշատ