ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր առաջին սեպտեմբերի 1-ից հիշում է միայն այն, որ մեծ միջոցառում է եղել դպրոցում, որին ինքը նախօրոք պատրաստվել է, նոր հագուստ է գնել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին NEWS.am-ի հարցին՝ իր առաջին սեպտեմբերի 1-ը հիշում է թե ոչ, պատասխանեց նախարարը:
«Շատ աղոտ եմ հիշում, ինչ որ մեծ միջոցառում եմ հիշում, որին ինձ հատուկ նախապատրաստում էին, նոր վերանաշապիկ, նոր կիսավարտիք, նոր սանդալներ: Առաջին հայացքից շատ խիստ ուսուցչուհի, որից բոլորս վախեցանք, հետո շատ սիրեցինք»,-ասաց նախարարը, որն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, այցելել էր Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոց։
Արմեն Աշոտյանի խոսքով՝ ինքը դպրոցում լավ է սովորել, եղել է դպրոցի դրուժինայի խորհրդի նախագահ:
«Միաժամանակ բավականին լեզվանի եմ եղել, որովհետեւ երբ որ լավ ես սովորում, լեզուդ երկար է լինում: Դասարանի երեխաների մի զգալի մասի հետ ընկերության սկիզբը դրվել է ինձնից արտագրելու հնարավորությամբ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ մինչեւ հիմա էլ պահպանում է դպրոցական ընկերների հետ կապը: