News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրապետության բոլոր դպրոցները կցված են զինված ուժերի զորամասերին, աշակերտները պարբերաբար հանդիպումներ են ունենում զինված ուժերի ներկայացուցիչների հետ, ծանոթանում բանակի եւ ծառայության պայմաններին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Աշոտ Նավասարդյանի անունը կրող թիվ 196 դպրոցում հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունել է կրթօջախի սաներին եւ ուսուցիչներին, շնորհավորել ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` մաղթելով նոր բարձունքների նվաճում ու խաղաղ ապագա: «Գիտելիքներով օժտված մարդիկ անպարտելի են, միայն գիտելիքներով կարելի է հասնել հաղթանակների: Անկասկած, այսօր մեզանից յուրաքանչյուրը հիշում է այն օրերը, երբ ինքն է սովորել դպրոցում: Թվում է, թե դպրոցն ավարտելուց հետո մենք ընդմիշտ հեռանում ենք այնտեղից: Սակայն ամեն մի ժամանակահատվածում մենք կապ ենք ունեցել դպրոցների հետ: Դպրոցներում ստացած գիտելիքների շարունակականությունն է, որ յուրաքանչյուր մարդու հաջողություններ է բերում իր հետագա ողջ կյանքի ընթացքում: Գիտելիքահենք գործունեության շնորհիվ է նաեւ, որ կարողանում ենք խելացի պաշտպանություն իրականացնել: Ուզում եմ նաեւ հավաստիացնել, որ ինչպես այսօրվա օրն է խաղաղ, այնպես էլ մնացած բոլոր օրերը հայկական բանակը պարտավորվում է խաղաղ երկինք, խաղաղ արարում ապահովել հայ ժողովրդի, հայ մանուկների համար»,- ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Կրթօջախի բակում կազմակերպված տոնական միջոցառումից հետո Սեյրան Օհանյանը եւ բարձրաստիճան մյուս հյուրերը ծաղիկներ են դրել Աշոտ Նավասարդյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետեւ շրջայց են կատարել դպրոցում, եղել Աշոտ Նավասարդյանի անունը կրող թանգարանում, ՆԶՊ դասասենյակներում:

Սեպտեմբերի 1-ը հանրապետության համար 196 դպրոցում նշանավորվեց նաեւ Արիության դասով, որն անցկացրեց անձնամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` աշակերտներին ներկայացնելով ՀՀ զինված ուժերի անցած ուղին, զարգացման փուլերն ու առանձնահատկությունները, ինչպես նաեւ դրվագներ Արցախյան ազատամարտի տարիներից: Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին, այնպես էլ այսօր, հայ զինվորը ամուր կանգնած է սահմանին` պատրաստ կատարելու ցանկացած մարտական խնդիր եւ արժանի հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության:

Տպել
Ամենաշատ