News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Կարմրաքար համայնքն այս տարի ոչ միայն առաջին դասարանցի չունի, այլեւ աշակերտներ, ընդհանրապես։ Առաջիկա 7-8 տարիներին եւս համայնքը հնարավոր է՝ աշակերտ չունենա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Արթուր Մաթեւոսյանը:

Կարմրաքարում բնակվում է 14  ընտանիք՝ 62 անձով: Նախորդ տարի գյուղի միակ երկու աշակերտները՝ 12-րդ դասարանցիները, ավարտեցին հարեւան Հացիկ համայնքի դպրոցը։ Կարմրաքարի դպրոցը երկրաշարժից վնասվել է, տարիների ընթացքում՝ վերջնականապես ոչնչացել։

«Գյուղը  տարիների ընթացքում դատարկվեց, դպրոցն էլ  վերջնականապես քանդվեց աղետից հետո, ու այդպես այլեւս դպրոց չունեցանք, ամեն տարի շատ քիչ երեխաներ են Հացիկի դպրոց գնացել՝ անցնելով մոտ 3 կմ։ Իսկ այս տարի էլ ավելի վատ է վիճակը՝ աղքատ համայնք լինելուց բացի  բնակչություն էլ չունենք, էլ ուր մնաց աշակերտ ունենաք»,- ասաց Արթուր Մաթեւոսյանը:

Համայնքապետի խոսքով՝ հիմա արդեն ոչ թե դպրոցը, այլ գյուղն է կանգնած վերանալու վտանգի առջեւ։

«Եթե գյուղում մնացած մի քանի երիտասարդներն ամուսնանան, երեւի աշակերտներ ունենալու հույս լինի, բայց այս համայնքում պահել այդ երիտասարդներին ուղղակի դժվար է, ոչ գործ կա, ոչ էլ զբաղմունք, ով ամուսնանում է, լքում է գյուղը, աղջիկների մասին չեմ խոսում, իսկ երիտասարդ տղաները քիչ են, եթե այսպես շարունակվի, գյուղը փակման եզրին կհայտնվի»,- ասաց համայնքի ղեկավարը:

 Կարմրաքարը մարզի ամենաաղքատ համայնքներից է, անցած տարի սոցիալական ծանր պայմաններից ելնելով համայնքի  նախկին ղեկավար Գագիկ Վահրադյանը արտագաղթել էր ՌԴ, համայնքի նոր ղեկավարը՝ Արթուր Մաթեւոսյանն էլ դժվարությամբ է լուծում գյուղի խնդիրները: 

Տպել
Ամենաշատ