News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի 3 առաջին դասարանցի ունի եւ 39 աշակերտ, որոնց այսօր` սեպտեմբերի  1-ին, Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորելու էին գնացել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

«Ամեն ինչ անելու եմ, որպեսզի համայնքի բնակիչներն իրենց մենակ չզգան: Այսօրվա օրով գյուղում գտնվելն իմ սուրբ պարտքն է, բոլոր ղեկավարները թող դեմքով շրջվեն դեպի սահման, որպեսզի գյուղացին իրեն միայնակ չզգա»,- դպրոցի բակում հավաքված գյուղացիներին ու աշակերտներին ասաց նախարարը:

Նախարար Սերգո Կարապետյանը շրջայց կատարեց դպրոցում, այցելեց համակարգչային սենյակ, որտեղ դրված 14 համակարգիչներից միայն 4-ն էր աշխատում:  Սերգո Կարապետյանը  դպրոցին գրենական պիտույքներ, սպորտային գույք եւ 2 համակարգիչ նվիրեց: Նվերները ստանալիս ցածր դասարանների տղաները միանգամից սկսեցին հետաքրքրվել` արդյոք տուփերի մեջ իրենց սիրելի խաղալիքից` ավտոմատ կա։ Նախարարի հարցին, թե ինչ են ուզում դառնալ, նրանք առանց երկմտելու պատասխանեցին` զինվոր: 

Այգեպարի դպրոցի տնօրեն Արեւիկ Արզումանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ 2014-2015թ. ուստարում աշակերտների թիվը 12-ով պակասել է. մի քանի ընտանիք հեռացել է գյուղից:

Նշենք, որ հակառակորդի նշանառության տակ գտնվող Այգեպարում կրակոցներից վնասվել էր նաեւ դպրոցի շենքը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մարզպետարանի առաջիկա ծրագրի մեջ է ընդգրկված Այգեպարի դպրոցի` պաշտպանական պատի կիսատ մնացած շինարարությունը ավարտին հասցնելը: Նա նշեց նաեւ, որ նոյեմբերին կավարտվեն Այգեպարի միջնակարգ դպրոցի դահլիճի վերանորոգման աշխատանքները:

Նախարար Սերգո Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հանդիպել է նաեւ ադրբեջանական կողմի կրակահերթից այրված տների բնակիչներին, նրանցից յուրաքանչյուրին մեկական հեռուստացույց նվիրել:

Այգեպարցիները, որոնք բոլորն այսօր հավաքվել էին դպրոցի բակում, օգտվելով առիթից, գյուղնախարարին խնդրեցին, որ նա հաճախ այցելի իրենց, նաեւ հարց բարձրացրին թրթուրավոր տրակտոր ձեռք բերելու մասին: Նախարարը խոստացավ, որ 2015-ի ծրագրերի մեջ կընդգրկվի համայքնին թրթուրավոր տրակտոր նվիրելու հարցը:

NEWS.am-ի թղթակիցը փոխանցում է, որ գյուղնախարարի հետ հանդիպմանը հավաքվել էր ամբողջ գյուղը։ Տոնը տոն, բայց սահմանամերձ գյուղի բնակիչները զգոնությունը ոչ մի վայրկյան չէին թուլացնում՝ ամբողջ արարողության ժամանակ աչքը պահելով մի քանի հարյուր մետր հեռու գտնվող հակառակորդի դիրքերից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ