ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան ռազմաօդային ուժերին հրամայել է ռմբակոծել «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» խմբավորումների դիրքերն իրաքյան Ամերլի քաղաքի շրջակայքում: Այս մասին նա տեղեկացրել է Կոնգրեսին:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ԱՄՆ նախագահն օգոստոսի 28-ին ամերիկյան ՌՕՈւ-ին հանձնարարել է թիրախային ռմբակոծություններ իրականացնել՝ Ամերլի քաղաքի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու գործողությանն աջակցելու համար, որոնք շրջափակված են «Իսլամական պետության» գրոհայինների կողմից: «Այս որոշման համաձայն՝ ամերիկացի զինծառայողներն օգոստոսի 30-ին թիրախային հարվածներ են հասցրել այդ քաղաքի շրջանում»,- նշվում է պետության ղեկավարի նամակում, որը տարածել է Սպիտակ տունը:
Օբամայի խոսքով՝ «հավելյալ այս միջոցառումները սահմանափակ բնույթ են կրելու եւ իրականացվելու են Ամերլիի քաղաքացիական անձանց պաշտպանության համար»: Սպիտակ տանն առընթեր ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեթլին Հեյդենն իր հերթին հստակեցրել է, որ այդ գործողություններն անցկացվում են Իրաքի կառավարության՝ փոխգործակցության վերաբերյալ հարցման համաձայն: