News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ՕԵԿ-ը հայտարարել է սոցիալական ուղղվածության իր 4 նախագծերի մինչեւ մեկ տարով հետաձգելու մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Առաջին նախագիծը, որի քննարկումը ՕԵԿ-ը հետաձգում է, կուտակային կենսաթոշակային օրենքում պարտադիր բաղադրիչը հանելուն է վերաբերում:  «Հիմք ընդունելով հասարակության դժգոհությունը եւ այն, որ այդ համակարգը որեւէ երկրում պարտադրված չէ, մենք առաջարկում ենք հանել պարտադիր բաղադրիչը, այն գործի կամավոր սկզբունքներով: Օրենքի նախագծի հետաձգելու պատճառներից է այն, որ տարբեր խմբակցություններ մտմտում են տարբերակներ, խմբակցությունների հետ աշխատենք, միասնական քննարկումներ անենք եւ  ինչ-որ բան ներկայացնենք, տեսնենք՝ ճանապարհն է ճիշտ՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով հանել պարտադիր բաղադրիչը, թե դիմել Սահմանադրական դատարան»,- ասաց նա:

Հաջորդ նախագիծը վերաբերում է Չեռնոբիլի աղետի հետեւանքները վերականգնելու գործընթացներին մասնակցած քաղաքացիներին արտոնություններ տրամադրելուն: Այս օրինագիծը հետաձգել են, որպեսզի հարցադրմամբ դիմեն կառավարությանը: «Մենք խոսում ենք ընդամենը 1200 մարդու մասին, իսկ դա մեծ քանակ չէ, ինչքան էլ մեր բյուջեն համարվի սոցիալական»,- նշեց Հեղինե Բիշարյանը:

ՕԵԿ-ի մյուս  նախագիծը վերաբերում է հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության պետական կարգ սահմանելուն: Հեղինե Բիշարյանը նշեց, որ իրենք առաջարկում են ստեղծել 9 հոգուց բաղկացած հանձնաժողով, որտեղ կընդգրկվեն տարբեր մասնագետներ, ներկայացուցիչներ հ/կ-ներից եւ այդ հանձնաժողովը կտա փորձագիտական գնահատական տվյալ հիվանդի վերաբերյալ եւ ամեն տարի հաշմանդամություն ունեցող անձը կարգը սահմանելու համար քաշքշուկի մեջ չի մտնի: Այս նախագծի հետաձգվելու պատճառն այն է, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը փաթեթ է ներկայացնելու եւ գուցե այս հարցը ընդգրկվի այդտեղ:

Սոցիալական ուղղվածության 4-րդ նախագիծը վերաբերում է նորաստեղծ ընտանիքներին առաջիկա  ծախսերը հոգալու համար միանվագ 300 հազար դրամ աջակցություն տալուն: Հեղինե Բիշարյանը նշեց, որ այս մոտեցումը կա ԼՂՀ-ում: Դեռ նախկին կառավարության հետ համաձայնության են եկել այս խնդիրը լուծել փուլային եղանակով, այսինքն՝ առաջին երեխայի ծնվելուց հետո տրամադրել նպաստ, որպեսզի վստահ լինել, որ զույգը ամուսնացել է եւ կա երկրորդ տարբերակը՝ օգնել տարբեր սոցիալական շերտերի: Քանի որ Կառավարությունը միջոցներ չունի, ՕԵԿ-ը առաջարկում է  առաջնահերթ օգնել սոցիալապես անապահով ընտանիքներին, իսկ հետագայում այդ նպաստը տրամադրել բոլորին: 

ՕԵԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ բոլոր նախագծերը հետաձգվել են այն պատճառով, որ քննարկումներ լինեն Կառավարության եւ մյուս խմբակցությունների հետ: Իսկ մեկ տարի հետաձգումը սահմանվում է ըստ կանոնակարգի, բայց դա չի նշանակում, թե ՕԵԿ-ը չի կարող այդ նախագծերը ներկայացնլ վաղը կամ հաջորդ նիստին:  «Եւ ֆինանսական խնդիր կա, եւ կամքի դրսեւորման խնդիր կա, գուցե քաղաքական ուժերի միավորման հարց լինի, այս նախագծերի շուրջ պետք է հարցադրումներ անել Կառավարությանը, կլինի համատեղ աշխատանք»,- ասաց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ