News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, արարողության ժամանակ Բակո Սահակյանն ընդգծել է, որ անկախության այս 23 տարիները եղել են դիմակայության ու մաքառումների, պետականաշինության ու կայացման տարիներ, որոնց ընթացքում մենք ազգովի պաշտպանել ենք Արցախի ազատությունն ու անկախությունը, Մայր Հայաստանի եւ Սփյուռքի աջակցությամբ աշխատանքներ տարել պատերազմի հետեւանքների ու  ավերածությունների վերացման ուղղությամբ եւ կանգնել կայուն զարգացման ուղու վրա:

«Մենք հաստատակամ ենք ու վճռական` շարունակելու մեր ընտրած ուղին, շարունակելու այն բարձր գիտակցումով, որ Արցախը պետք է լինի կայուն, հզոր, զարգացած ու ժողովրդավարական երկիր, որը կարող է արժանիորեն ներկայանալ աշխարհին եւ լինել համայն հայության պարծանքը: Համատեղ ուժերով պետք է անել հնարավորն այդ նպատակները կյանքի կոչելու համար»,- իր խոսքում նշել է Բակո Սահակյանը:

Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ գնալով նոր թափ է ստանում Արցախի միջազգային ճանաչման գործընթացն՝ այս համատեքստում ամբողջ հայության համար մեծ իրադարձություն համարելով վերջերս Քալիֆորնիայի կողմից Արցախի անկախության ճանաչումը, որը կարեւոր քաղաքական, իրավական եւ բարոյական քայլ է:

Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլոր պարգեւատրվածներին ու ներկաներին Արցախի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ եւ մաղթել նրանց քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն ու բարեկեցություն:

 Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ