News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կանազի կայազորային կլինիկական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքի ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու եւ հիվանդանոցից փախուստի դիմելու համար մեղադրվող ժամկետային զինծառայողների գործով դատական հերթական նիստին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց գործով չորս վկա, որոնցից առանցքայինը հիվանդանոցի բուժքույր, դեպքին ականատես Քրիստինե Վանյանի վկայությունն էր։

«Ժամը 8։30, 09։00-ի սահմաններում Դավիթը եկավ 3 աթոռ պահանջեց եւ երկու ափսե։ Հետո դանակ ուզեց, որ հացը կտրի, մայրապետը գնաց, հացը կտրեց, եկավ, հաց էին ուտում, Դավիթը, Ռազմիկը եւ Արշակը Ստոպ պալատում։ Հետո ժամը 10։00-ի սահմաններում եկավ հոսպիտալի պետը մի քանի բժշկի հետ։ Դավիթն ու Ռազմիկը դուրս եկան հոսպիտալի պետի ու բժիշկներ Հովհաննիսյանի ու Հովսեփյանի դեմ։ Հոսպիտալի պետը բռնեց Ռազմիկի ձեռքը, ասեց՝ ստեղ ի՞նչ ա կատարվում։ Իրանք ինձ մեջքով էին կանգնած, չտեսա՝ որ մեկը օձիքից քաշեց պետի, հետո խառնաշփոթ սկսվեց, ես վախեցա մտա իմ սենյակ։ Հետո Դավիթը սկսեց հայհոյել հոսպիտալի պետին։ Հետո խառնաշփոթ էր, ջարդում էին ամեն ինչ։ Գլխավոր հերոսները Դավիթն ու Ռազմիկն էին։ Արշակի ներկայությունը չեմ հիշում։ Գարեգինն էլ ինձ էր օգնում»,- պատմեց բուժքույրը։

Բուժքույրի խոսքով՝ հոսպիտալի պետի գալուց հետո ամբաստանյալ Դավիթ Մարկոսյանը ցանկացել է իրեն է տալ հեռախոսը, որպեսզի թաքցնի, սակայն ինքը չի վերցրել. «Դե, հոռախոսն արգելված է։ Ես չվերցրի։ Ինքը գցեց մեր սենյակի սառնարանի վրա։ Էդ դեպքից հետո, որ վերադարձավ, պահանջեց հեռախոսը, ասեցի՝ ինձ մոտ չի, ասեց՝ չես լուսացնելու, կռվեց, ջարդեց պատը։ Ես ընկել էին հիստերիայի մեջ, 10 օր բյուլետեն վերցրի, գնացի բուժվելու»։

Բուժքույրը չէր տեսել, թե ով ում է հարվածել, միայն աղաղակներ էր լսել։ Նա դատարանին հայտնեց, որ դեպքից հետո տեսել է, որ Դավիթի ականջին ու դեմքին քերծվածքներ կան: Բայց կռվի մանրամասներ նա դատարանին չպատմեց՝ բացատրելով, որ վախեցել է, երբ հոգեկան հիվանդներն ագրեսիվ են դարձել եւ իր սենյակից դուրս չի եկել։

Դատարանը չոր վկաներին լսելուց հետո որոշեց բերման ենթարկել նիստին չներկայացած մյուս վկաներին՝ հիվանդանոցի երեք աշխատակիցներին։

Նշենք, որ ամբաստանյալները, որոնք հոգեկան խնդիրների պատճառով բուժում էին անցնում հոգեբուժական բաժանմունքում, պնդում են, որ բժիկները հարբած են եղել դեպքի պահին եւ իրենք են հրահրել ծեծկռտուքը: Արշակ Թորոսյանին, Ռազմիկ Մանուկյանին, Դավիթ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ստացիոնար բուժման մեջ գտնվելով զորամասի հոգեբուժական բաժանմունքում բաժանմունքի 2-րդ հարկի հիվանդասենյակում, բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց դիտողության անող զորամասի /հոսպիտալի/ հրամանատար, փոխգնդապետ՝ Սահակ Օհանյանի, բժիշկներ, մայորներ՝ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ, բռնություն է գործադրել Սահակ Օհանյանի նկատմամբ՝ քաշքշել և պատռել է նրա շապիկը, ապա հնչեցրած սպառնալիքն առավել առարկայական դարձնելու նպատակով կողապահարանները նետել են, համապատասխանաբար՝ բժիշկների ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ