News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ հետազոտող Հայրազատ Ղազարյանը սեպտեմբերի 2-ին, Օսլոյում պարգեւատրվել է Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդի ոսկե մեդալով: Այս պատվավոր պարգեւը, որը տրվում է գիտական հետազոտությունների մեջ նշանակալի ներդրում ունեցող ակնառու երիտասարդ հետազոտողներին,  Հայրազատ Ղազարյանին է հանձնվել Օսլոյի համալսարանում տեղի ունեցող ամենամյա մրցանակաբաշխության եւ թագավորական ոսկե մեդալի պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ: Նրա գիտական աշխատանքը շատ բարձր է գնահատվել բժշկական հետազոտությունների մեջ:

Հայրազատ Ղազարյանը ծնվել է Երեւանում 1977թ.: 2001թ. նա ավարտել է Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան բժշկական ակադեմիան: 2003թ. պաշտպանել է գիտական թեզ «Վերերիկամային հորմոնալ-ակտիվ ուռուցքների լապարոսկոպիկ եւ ավանդական վիրաբուժական մոտեցումների համեմատական գնահատական» թեմայով եւ ստացել բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան: Աշխատանքային գործունեությունը սկսել է Մոսկվայի Ի.Մ Սեչենովի անվան բժշկական ակադեմիայում` աշխատելով վիրաբուժության բաժանմունքում 2001թ. -2007թ.թ.:

2007թ. Հայրազատ Ղազարյանը միացել է պրոֆեսոր Բյրոն Էդվինի/ Bjørn Edwin խմբին եւ աշխատել Օսլոյի համալսարանական հիվանդանոցում: 2013թ. նոր գիտական թեզ է պաշտպանել «Նոր նվազագույն ինվազիվ տեխնոլոգիաներ լյարդի ուռուցքով հիվանդների բուժման մեջ.  լապարոսկոպիկ վիաբուժություն եւ էքստրակորպորալ բարձրէներգետիկ ուղղվածությամբ ուլտրաձայններ» (New Minimaly Invasive Techniques in the Treatment of Patients with Lesions in the Liver: Laparoscopy and Extracorporeal High Intensity Focused Ultrasounds) թեմայով, որի համար էլ արժանացել է այս բարձրագույն պարգեւին:

2014թ. աշխատում է Նորվեգիայի Կիրկենես քաղաքի հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքում:

Բացի լյարդի եւ վերերիկամային վիրաբուժությունից դոկտոր Ղազարյանը նպաստել է այլ ոլորտներում, այդ թվում` լապարոսկոպիկ ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության, նվազագույն ինվազիվ վիրաբուժության, լեղաքարային հիվանդության եւ խոլեդոխոլիթիազի ոլորտներում հետազոտություններին:

Նա մի շարք վիրաբուժական մասնագիտական ամսագրերի, այդ թվում`  “Surgical Endoscopy” ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է, ինչպես նաեւ  մեկնաբան է մի շարք առաջատար ակադեմիական ամսագրերում (British Journal of Surgery; Surgery; Surgical Endoscopy; Surgical Laparoscopy, Endoscopy & Percutaneous Techniques; HPB; Hepatobiliary & Pancreatic Diseases International; World Journal of Surgical Oncology; World Journal of Gastroenterol): Նա հեղինակ է ավիլի քան 35 գիտական հոդվածների եւ շուրջ 100 ռեֆերատների:

Առողջապահության ոլորտում Հայրազատ Ղազարյանն իր գործունեության համար պարգեւատրվել է Ռուսաստանի, Նորվեգիայի եւ այլ միջազգային մրցանակներով:

Հայրազատ Ղազարյանը ս.թ. սեպտեմբերի վերջերին այցելելու է Հայաստան եւ դասախոսությունով հանդես է գալու Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ