Ազգային ժողովի նոր նստաշրջանի առաջին քառօրյային ՀՀԿ խմբակցությունը «խրամատը» չի լքել. քվեարկելու, գնահատականներ տալու ժամանակ բոլոր պատգամավորները ներկա են եղել դահլիճում, իսկ մնացած ժամանակ ՀՀԿ-ականների ներկայությունը պարտադիր չէ։ NEWS.am-ի հետ զրույցում սեպտեմբերի վեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությունը կատարելն այսպես մեկնաբանեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։
«Ինքներդ տեսել եք, որ ամբողջ ընթացքում դահլիճում եմ եղել, իհարկե, ելույթներ չեմ ունեցել, միայն ռեպլիկներ եմ արել։ Ինչ վերաբերվում է մյուսներին, ապա մենք խրամատը չենք լքել։ Երբ պետք է եղել, ներկա ենք եղել։ Օրինակ՝ հինգշաբթի օրը բոլորը մեկ մարդու նման ներկա ենք եղել դահլիճում։ Բացի դրանից՝ դահլիճում ներկայությունը պարտադիր չէ։ Ես բազում խորհրդարաններում եմ եղել. այնտեղ շատ քիչ պատգամավորներ են նստած եղել, բայց երբ պետք է եղել, տասը րոպեում հավաքվել են։ Այնպես որ ոչ մի տեղ գրված չէ, որ պատգամավորը պետք է մշտապես դահլիճում նստած լինի»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ Սերժ Սարգսյանը խոսել է պարտականությունները կատարելու պահին ներկա չգտնվելու մասին, ոչ թե դահլիճում մշտապես ներկա լինելու։
Հիշեցնենք, որ ՀՀԿ վերջին խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը իր ելույթում, դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին, ասել է՝ բոլոր գործերը դնել մի կողմ եւ զբաղվել օրենսդրական գործունեությամբ: Նա ԱԺ աշխատանքներից բացակայելը դասալքություն է համարել: