Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում գլխավորելու է իր «Ազգային ճակատ» կուսակցության ընտրացուցակը: Նման որոշում է ընդունվել կուսակցության համագումարի ժամանակ:
Կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակում ընդգրկվել են նաեւ խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, ակտիվիստ եւ լրագրողուհի Տատյանա Չերնովոլը, Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Անդրեյ Պարուբին, «Միրոտվորեց» վաշտի հրամանատար Անդրեյ Տետերուկը:
Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախանշված են հոկտեմբերի 26-ին: Կուսակցական ցուցակներով թեկնածուների գրանցումն ավարտվելու է սեպտեմբերի 15-ին, իսկ ինքնառաջադրվածները կկարողանան անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 25-ը: