Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ եւ շնորհավորել նրան՝ ծննդյան օրվա կապակցությամբ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Կառավարության ղեկավարը Դմիտրի Մեդվեդեւին մաղթել է քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման եւ նրա քաղաքացիների բարեկեցության:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների սերտ կապերն ու դարավոր բարեկամությունն ամուր հիմք են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար:
Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերը հետագայում եւս ուղղված կլինեն առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության զարգացմանը, հումանիտար բնագավառում ավանդական սերտ կապերի ընդլայնմանը եւ երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը: