News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելական Habima դահլիճում կայացավ «Հնչյուններ Արարատի հողից» համերգը: Այն անցկացվեց կամերային փոքրիկ դահլիճում, ինչը երեկոյին հարմարավետ ընտանեկան մթնոլորտ էր հաղորդել: Բեմից հնչում էին Կոմիտասի կախարդական երաժշտությունը՝ հրաշալի դաշնակահարուհի Աշխեն Աղասարյանի կատարմամբ, Սայաթ-Նովայի երգերը՝ Աշոտ եւ Տիգրան Գասպարյանների մատուցմամբ:

Նշենք, որ հանդիսատեսի մեծ մասը ոչ հայկական ծագմամբ իսրայելցիներ էին: Եվ այն, թե նրանք ինչպես էին ընկալում հայկական երաժշտությունն ու ինչպես էին արտահայտում իրենց հիացմունքը, հպարտություն է առաջացնում տաղանդավոր հայ ժողովրդի համար եւ երախտագիտություն՝ ուղղված բոլոր կատարողներին եւ երեկույթի կազմակերպիչներին: Նրանք հսկայական քայլ էին կատարել, որպեսզի Իսրայելին ծանոթացնեն հայկական մշակույթին եւ երաժշտությանը: Ես հնարավորություն ունեցա զրուցել երեկոյի մասնակիցներից մեկի՝ դաշնակահարուհի Աշխեն Աղասարյանի հետ:

Աշխեն, նախ պատմեք, խնդրում եմ, Ձեզ մասին:

Ես ծնվել եմ Երեւանում: Վաղ մանկությունից ծնողներս նկատեցին իմ հետաքրքրությունը երաժշտության հանդեպ, եւ ես ընդունվեցի Միրզոյանի անվան թիվ 5 երաժշտական դպրոց: Այնտեղ ինձ բախտ վիճակվեց ուսանել լավագույն մանկավարժներից մեկի՝ Էլզա Հովհաննիսյանի մոտ: 2000 թվականին ծնողներս հայրենադարձվեցին Իսրայել: Ես ընդունվեցի կոնսերվատորիա, հրաշալի մանկավարժ Լիլի Դորֆմանի դասարան: 3 տարվա ընթացքում մասնակցեցի բազմաթիվ համերգների, ինչպես նաեւ իսրայելցի կոմպոզիտոր Ամի Մաայանիի սկավառակի ձայնագրությանը: Այնուհետեւ սովորել եմ Թել Ավիվի կոնսերվատորիայում, պրոֆեսոր Միխայիլ Բոգուսլավսկիի դասարանում, ով մինչեւ հիմա ինձ օգնում է ընթանալ ստեղծագործական դժվարին, բայց հիասքանչ ուղիով: Հրավիրվել եմ ելույթ ունենալ Նովոսիբիրսկի նվագախմբի հետ, առաջին մրցանակ եմ ստացել Գերմանիայում անցկացված մրցույթում, երկրորդ մրցանակ՝ Իսրայելի մրցույթում: Այս բոլոր պարգեւներն ինձ ուժ եւ վստահություն են ներշնչում իմ ստեղծագործական ճանապարհին: Նախկինի պես մենահամերգներ եմ ունենում Իսրայելում եւ արտերկրում, ինչպես նաեւ շարունակում եմ ուսումս: Ինձ հրավիրել են նաեւ մասնակցելու Գերմանիայում անցկացվող դաշնակահարների ISAM մրցույթին՝ որպես ժյուրի: Բացի այդ, դասավանդում եմ Ռիշոն Լե-Ցիոնի երաժշտական դպրոցում:

- Դուք հիմնականում հայկական դասական երաժշտություն եք կատարում: Ինչո՞ւ եք հենց այդ ուղղությունն ընտրել: Կարելի՞ է այդ արյան կանչ անվանել:

Իսրայել տեղափոխվելն անգիտակցաբար ինձ հեռացրեց հարազատ երաժշտությունից: Շատ ջանք ու աշխատանք էր հարկավոր՝ իսրայելական երաժշտական բեմում հայտնվելու համար: Ես կատարել եմ դասական կոմպոզիտորների, ինչպես նաեւ Իսրայելի երիտասարդ ստեղծագործողների գործերը: Երբ ծննդյանս 25-ամյակի առիթով ինձ նվիրեցին Աշխեն նախատատիս պատկանող ոսկե մետաղադրամը, ինչ-որ բան արթնացավ իմ մեջ: Այդ մետաղադրամը 19-րդ դարի վերջից երկար ճանապարհ է անցել եւ մի քանի սերունդ անց հայտնվել է իմ ձեռքերում, որպեսզի ես չմոռանամ արմատներիս մասին: Այդ օրվանից ես իմ երգացանկում ներառում եմ հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Խաչատրյանի, Աբրահամյանի, Անդրեասյանի ստեղծագործությունները: Չեմ կարող փոխանցել զգացողություններս, երբ Թել Ավիվում պաստառին տեսա գրությունը. Ռ.Շուման, Կոմիտաս, Ս.Ռախմանինով: Իսկ ամենակարեւորն այն է, որ իսրայելական ունկնդրին այն դուր է գալիս:

- Պատմեք, խնդրեմ, «Հնչյուններ Արարատի հողից» երաժշտական ծրագրի մասին, որով Դուք վերջերս հանդես եկաք: Ո՞վ էր այն կազմակերպել, եւ ո՞րն էր նախագծի նպատակը:

«Հնչյուններ Արարատի հողից» ծրագիրը ծնվեց անսպասելիորեն, այն բանից հետո, երբ ես իմ երգացանկում հայկական երաժշտություն ներառեցի: Ինձ զանգահարեց Հայֆայի ռադիոկայանի տնօրեն Ժաննա Իգալը եւ առաջարկեց Արիե Յասի հետ նրա «De Profundis» ծրագրում հայկական երաժշտության մասին հաղորդում պատրաստել: Այնքան հաջող ստացվեց, որ խնդրեցին նորից ձայնագրել: Ինձ համար կարեւոր էր, որպեսզի ունկնդիրները ծանոթանային հայկական հոգեւոր, ժողովրդական, դասական եւ ջազ երաժշտության հետ: Ժողովրդական երգերի կատարման համար ես հրավիրեցի Աշոտ Գասպարյանին, ով ելույթ է ունենում «Voca people» համույթում, համերգներ է ունենում ամբողջ աշխարհում: Արիե Յասը եւ Ռեշուտ Ա-Շիդուրն ինձ եւ Աշոտին հրավիրեցին հաղորդմանը ելույթ ունենալ եվրոպական երկրների երաժիշտների հետ եւ այն հեռարձակեցին Եվրոպայի 15 երկրներում: Այդտեղից էլ ծնվեց ելույթ ունենալու գաղափարը, այս անգամ՝ Habima թատրոնի բեմում:

- Եվ վերջում կցանկանայի հարցնել, թե ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր երաժշտական ուղղության զարգացումն Իսրայելում:

Ուղղությունը դժվարին աշխատանքն է, հավատը, ներշնչանքը եւ, ամենակարեւորը, սեփական արմատների մասին չմոռանալը, իսկ մնացյալ ամեն ինչ ինքն իրեն կստացվի:

 

Մենդել Կորսունսկի

Իսրայելի «Նոյան Տապան» հայկական մշակութային կենտրոնի մամուլի քարտուղար

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ