News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ի պաշտպանություն «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի, տասնյակ քաղաքացիներ եւ Շահենի համադասարանցիները «Ազատություն Շահեն Հարությունյանին» կոչով այսօր՝ սեպտեմբերի 14-ին, երթով քայլեցին Ազատության հրապարակից դեպի դատախազություն՝ պահանջելով ազատել իրենց անչափահաս ընկերոջը:

«Մենք եկել ենք այստեղ, որպեսզի պաշտպանենք մեր ընկերոջը եւ արտահայտենք մեր բողոքը, ասենք, որ դեմ ենք ամեն տեսակի անարդարություններին, դեմ ենք, որ Շահեն Հարությունյանը ազատազրկվի 5 տարով: Ինքը ընդամենը պաշտպանել է իր հորը, եւ յուրաքանչյուրս էլ, որ իր տեղը լիներ, համոզված եմ, որ այդպես կվարվեր»,- լրագրողներին ասաց Շահեն Հարությունյանի նախկին համադասարանցի Սվետլանա Ավանեսյանը:

Երթին մասնակցում էր նաեւ Շահեն Հարությունյանը, որը կարծում է, որ իրեն առաջադրված մեղադրանքները որոշակի նպատակներ են հետապնդում: «Այս ամենը կարող է մի քանի նպատակ հետապնդել: Առաջինը հայ երեխաներին բարոյազրկելն է, այսինքն երեխաները տեսնեն, որ Շահենին 5 տարով դատապարտում են, ինչ է թե հորն է պաշտպանել, մյուս անգամ, հերը կռիվ կանի, չի պաշտպանի, մամային չի պաշտպանի, հայրենիքը չի պաշտպանի եւ այդպես շարունակ: Երկրորդը՝ ժողովրդի մեջ վախի մթնոլորտ սերմանելու համար. հիմա դատում են Շահենին առանց հաշվի առնելու, որ անչափահաս է, այսինքն՝ եթե դատում ենք անչափահասին, ուրեմն դուք խելոք մնացեք, քանի որ ձեզ կդատեն ու կդատեն»,- լրագրողներին ասաց Շահեն Հարությունյանը, որին Նոյեմբերի 5-ի գործով դատախազ Գեւորգ Գեւորգյանը առաջարկել է դատապարտել 5 տարվա ազատազրկման:

Երթի կազմակերպիչներն ի սկզբանի հայտարարեցին, որ այն խաղաղ բնույթ ունի:

«Ես մտահոգված էի, որ կարող է լինեն սադրանքներ, երեխաներին շահարկեն, եկել եմ, որ իրենց կողքին լինեմ: Նրանք ուղղակի խաղաղ երթի են դուրս եկել՝ պաշտպանելու իրենց ընկերոջը»,- NEWS.am-ին ասաց Շահենի նախկին դասղեկ Դիանա Խաչատրյանը՝ նկատելով, որ Շահենի արարքներում ինքը ոչ մի քաղաքական ենթատեքստ չի տեսնում:

Նշենք, որ երթի մասնակիցները իրենց հետ բերել էին «Մենք պահանջում ենք մեր ընկերոջ ազատությունը», «Մենք դեմ ենք 15-ամյա Շահենի ազատազրկմանը», «Ազատություն Շահեն Հարությունյանին» գրությամբ պաստառներ:

Տպել
Ամենաշատ