News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 14-ին ներկա է գտնվել «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարվա սեպտեմբեր ամսին Սեւանի «Ժայռ» հանգստյան գոտում կազմակերպվող Միասնության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե արդեն երկրորդ տարին է Միասնության տոնի շրջանակներում կազմակերպվում է «Ժայռ» համահայկական մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են ինչպես Հայաստանից եւ Արցախիվ, այնպես էլ սփյուռքից։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին եւ շնորհավորել Միասնության տոնի կապակցությամբ: Նախարարը նշել է, որ հայկական օրացույցն ունի երկու յուրահատուկ ամիս` մայիսը, որպես հաղթանակների ամիս, եւ սեպտեմբերը, որպես Հայաստանի ու Արցախի անկախության ամիս: Եվ այդ հաղթանակներն ու անկախությունները հնարավոր չէին լինի, եթե չլիներ մեր ազգային միասնությունն ու համերաշխությունը:

«Ժայռ» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսան Մինասյանի խոսքով` միջոցառման նպատակն է պայքարել երիտասարդության շրջանում հասարակական խնդիրների հանդեպ անտարբերության դեմ, երիտասարդների մեջ սերմանել հայրենատիրության գաղափարը, նպաստել երիտասարդների` հասարակական գործընթացներում ներգրավվածության մակարդակի բարձրացմանը:


Միասնության տոնի շրջանակներում կազմակերպված «Ժայռ» համահայկական մրցույթ-փառատոնը մեկնարկել էր դեռեւս ապրիլ ամսից: Մրցույթին կարող էին մասնակցել տարբեր երկրներում բնակվող հայ ազգի երիտասարդները քանդակագործության, երաժշտության, գեղանկարչության, հագուստի մոդելավորման, ասմունքի եւ այլ անվանակարգերում:

Մինչեւ օգոստոսի 15-ը հայտերի ընդունման փուլն էր, իսկ օգոստոսի 30-ին` Երեւանյան փուլը, որի մրցանակակիրները սեպտեմբերի 11-ից գտնվում են Սեւանի «Ժայռ» հանգստյան գոտու ճամբարում եւ հասցրել են մասնակցել բազմաթիվ միջոցառումների:

«Ոչ պատերազմին» կարգախոսի ներքո անցկացվող Միասնության օրվա շրջանակում տեղի է ունեցել տոնական համերգ` «Փարոս» կամերային երգչախմբի եւ «Համայնքի զարկերակ» պարային համույթի մասնակցությամբ: Ներկաներին ողջունել է նաեւ Կիլիկիա նավի անձնակազմը: Միջոցառման ավարտին մրցույթ-փառատոնի բոլոր մասնակիցներն արժանացան շնորհակալագրերի, իսկ հաղթողները` պատվոգրերի եւ մրցանակների:

Տպել
Ամենաշատ