News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը հպարտ է, որ գյումրեցի Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Ջուլֆալակյանը դարձել են աշխարհի չեմպիոններ, սակայն երկրից բացակայելու պատճառով չի կարող հանդիպել նորընծա չեմպիոններին եւ անձամբ շնորհավորել նրանց:

«Միմիայն մեծ հպարտություն եւ ուրախություն եմ զգում, ապրեն Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը, որ մեր երկրի պատիվը բարձր պահեցին: Շատ ուրախ եմ եւ հպարտ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Նադարյանը՝ նշելով, որ արձակուրդում է, թե չէ Գյումրիում անձամբ կդիմավորեր ըմբիշներին:

Մեր դիտարկմանը, թե մամուլի հրապարակումների համաձայն՝ ոստիկանապետը մայիսին ծեծի է ենթարկել հայ ըմբիշին, վերջինս պատասխանեց. «Ես իմ կարծիքն ասել եմ, իմ խոսքն ասել եմ հրապարակումների վերաբերյալ, ինչի՞ մասին է խոսքը»:

Նշենք, որ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությանը Հայաստանը նվաճեց 2 ոսկե մեդալ: Առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձան 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եւ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ 2014թ. մայիսին Գյումրիում Վարդան Նադարյանը բռնություն էր կիրառել Արթուր Ալեքսանյանի նկատմամբ: ՀՔԾ-ն հրապարակումներն ընդունել էր որպես հանցագործության մասին հաղորդում եւ նյութեր  նախապատրաստել:Ավելի ուշ հանցագործության դեպքի բացակայության պատճառով Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործ հարուցել: Կատարվածի վերաբերյալ հայ ըմբիշը որեւէ մեկնաբանություն չէր տվել, իսկ Նադարյանն էլ հերքել էր տեղեկությունը՝ նշելով, թե Արթուր Ալեքսանյանին չի ճանաչում, միայն հեռուստացույցով է տեսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ