News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Չնայած որոշ երկրներից, մասնավորապես Ռուսաստանից եւ Ուկրաինայից ֆիզիկական անձանց կատարած փոխանցումները նվազել են, այնուհանդերձ տրանսֆերտային հոսքերը դեպի Հայաստան դեռեւս պահպանում են թեկուզ ցածր, բայց աճի դինամիկան։

Այդ են վկայում նաեւ Կենտրոնական բանկի վերջին տվյալները, որոնց համաձայն, բանկային համակարգի միջոցով ստացված ոչ առեւտրային բնույթի փոխանցումները տարեսկզբի յոթ ամիսներին ավելացել են շուրջ 26 մլն դոլարով։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրական տարբերությունը եղել է 2,7 տոկոս։

Թեեւ մասնավոր փոխանցումներն ընդհանուր առմամբ շարունակել են ավելանալ, այնուհանդերձ սպասումները հուսադրող չեն։ Ենթադրվում է, որ դա ժամանակավոր երեւույթ է։ Մանավանդ վերջին երկու ամիսներին արձանագրվում է ռուսական տրանսֆերտների կրճատում։ Ընդ որում՝ նվազման միտումը գնալով խորանում է։ Այսպես շարունակվելու դեպքում կասկած չկա, որ տարեվերջին անկումն անխուսափելի կլինի։

Նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել է տրանսֆերտների աճի դինամիկան։ Ասենք, որ 2013թ. նույն ժամանակահատվածում դրանք ավելացել էին 12,1 տոկոսով (կամ ավելի քան 102 մլն դոլարով)։ Աճը հիմնականում արտահայտվել էր ռուսական տրանսֆերտային հոսքերի հաշվին։ Յոթ ամսվա ընթացքում դրանք համալրվել էին 90 միլիոնով (կամ շուրջ 13 տոկոսով)։
Եթե տարեսկզբի մի քանի ամիսներին Ռուսաստանից կատարվող մասնավոր ոչ առեւտրային բնույթի փոխանցումները դեռեւս շարունակում էին դանդաղ ավելանալ, ապա արդեն հունիս-հուլիս ամիսներին արձանագրվեց հակառակ երեւույթը։ Ռուսական շուկայից ստացվող գումարները նախորդ տարվա համեմատ բավականաչափ նվազեցին. երկու ամսվա ընթացքում կրճատվեցին 18,4 մլն դոլարով։

Անցած տարվա 321,8 միլիոնի դիմաց այս տարվա հունիս-հուլիս ամիսներին Ռուսաստանից կատարված ոչ առեւտրային բնույթի փոխանցումները կազմեցին 303,4 մլն դոլար։ Այսպիսի դրսեւորումներից հետո հուլիսից սկսած ռուսական տրանսֆերտների դինամիկան փոխեց ուղղությունը։

   Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, բանկային համակարգի միջոցով տարեսկզբի յոթ ամիսներին Ռուսաստանից ավելի քիչ տրանսֆերտներ են ստացվել, քան անցած տարի։ Եթե 2013թ. նույն ժամանակահատվածում դրանք կազմել էին ընդհանուր առմամբ 797 միլիոն, ապա այս տարի՝ 796,5 մլն դոլար։ Տարբերությունը մեծ չէ, բայց կա։
   Մտահոգիչ է, որ առաջիկա սպասումները լավատեսական չեն։ Ռուսաստանի տնտեսական կացությունը ոչ միայն չի բարելավվում, այլեւ Եվրամիության երկրների եւ Միացյալ Նահանգների կողմից շարունակվող պատժամիջոցների հետեւանքով գնալով վատանում է։ Ոչ մի կերպ չի կայունանում նաեւ արժութային շուկան։ Տարեսկզբին սկիզբ առած ռուբլու արժեզրկումը վերջին շրջանում դարձյալ ակտիվացել է՝ մեծացնելով ճնշումը Հայաստան ուղարկվող տրանսֆերտային հոսքերի վրա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ