News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված բնակիչներին, որոնք այսօր՝ սեպտեմբերի 16-ին, վաղ առավոտից հավաքվել էին Պռոշյան փողոցում գտնվող կառավարական առանձնատների մոտ,  մոտեցավ նախագահ Սերժ Սարգսյանը, որը խոստացավ զբաղվել նրանց խնդրով եւ երկու օրվա ընթացքում պատասխան տալ (ֆոտոռեպորտաժ):

«Մենք «Տոնուսի» բնակիչներն ենք, պարոն նախագահ, որոնք 10 տարի խաբված էս վիճակով, ում ասես դիմել են, Ձեզ էլ նամակով մի քանի անգամ դիմել ենք, էս ժողովուրդը չգիտի՝ ում հավատա, ստելով, խաբելով որքա՞ն կարելի է, մենք մե՞ղք չենք, պարոն նախագահ, մեր հույսը դուք եք»,- վրդովված ասաց բնակիչներից մեկը:

Սերժ Սարգսյանը հավաքվածներին խնդրեց հանգիստ խոսել. «Մեղադրական տոնով մի խոսեք, դուք մասնավոր պայմանագիր եք կնքել, բնակարանները վերցրել եք»:

Տոնուս ՍՊԸ-ից խաբված ռուսաստանի քաղաքացի Ելենա Լոգինովան ընդհատեց նախագահին՝ ասելով, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի է, տուն է գնել «Տոնուսից», սակայն 3 երեխաների հետ այժմ անտուն է մնացել. «Ես «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ եմ, տուն եմ գնել Երեւանում, Հայաստանի քաղաքացիություն եմ ստացել, ինձ ասացին՝ բարի գալուստ Հայաստան, սակայն ինձ խաբեցին, իմ երեխաները հիմա ապրելու տեղ չունեն, ես խնդրում եմ քայլեր ձեռնարկել»,-նախագահիւն դիմեց ռուս կինը:

Նախագահը հավաքվածներին հանգստացրեց, ասելով, որ կզբաղվի այդ հարցով, բնակիչները խնդրելով հստակ ժամկետներ ասել իրենց, նշելով, որ որովհետեւ արդեն 10 տարի տարբեր ատյաններից միայն խոստումներ են լսում։

«Ես չեմ հասկանում, ձեզ առաջին անգամ եմ տեսնում, ի՞նչ եք ասում 10 տարի, կգաք, կզբաղվենք. էսօր կամ վաղը»,-բարկացավ նախագահը:

Հավաքվածները որոշեցին սպասել 2 օր, եւ պատասխան չլինելու դեպքում նորից դիմել նախագահին:

«Հավատում ենք նախագահին, որովհետեւ սա արդեն վերջին շանսն էր ժողովրդի, բոլորին դիմելով ոչինչ չստացանք, հիմա նախագահը անձամբ խոստացավ երկու օրում այս հարցին լուծում տալ, եթե այս խոսակցությունից հետո օգուտ չեղավ ժողովրդին, ապա ամեն մեկը թող իր դատավորը լինի»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժած բնակիչ Զոյա Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ