News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի մի քանի մարտական ընկերներին օրերս այցելել են ոստիկաններ եւ հորդորել չմասնակցել ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի կազմակերպվող հավաքներին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում նրանց դեմ տարբեր պատրվակներով քրեական գործեր կհարուցվեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանի մոտ, Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը բողոքարկող հայցով դատական առաջին նիստից առաջ հայտարարեց  «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը։

«Այս իշխանություններն այնքան են լկտիացել, որ օրերս այցելել են մեր մի քանի ազատամարտիկների տներ, սպառնացել, որ Վոլոդյայի հավաքներին չմասնակցեն, թե չէ ինչպես Գառնիկ Խչեյանի դեպքում, իրենց դեմ էլ գործեր կհարուցեն։ Դա մեզ վախեցնելու համար է, բայց մենք վախեցողը չենք, ով որ վախեցել է, արդեն չեն գալիս այս հավաքներին»,- հայտարարեց նա։

Գագիկ Սարուխանյանը նշեց, որ իշխանությունները այնքան են վախեցած Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունից, որ ծայրահեղ քայլերի են դիմում՝ ազատամարտիկներին հետ պահելու համար. «Եթե մեզ բոլորիս ուզում եք կանգնեցնեք, ուրեմն ստիպված եք լինելու մեզ բոլորիս գցեք բերդերը»։

Հիշեցնենք, որ օրերս ոստիկանության աշխատակիցը գնացել էր ազատամարտիկ, «Վարդենիս» ջոկատի հրամանատար Գառնիկ Խչեյանի (Վարդենիսցի Հեբո) տուն՝ նրան բերման ենթարկելու եւ զարմանքով պարզել էր, որ նա 12 օր առաջ մահացել է։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ