News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մերժեց պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքարկող հայցը եւ անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը:

Այս որոշումը առաջացրեց նիստերի դահլիճում գտնվող ազատամարտիկների վրդովմունքը, նրանք սկսեցին ամոթանք տալ դատարան. «Ամոթ, ամոթ, դատարանին, ամենաարդար դատարանն եք»:

«Վերաքննիչ դատարանի որոշման մասին չեմ կարող հիմա ասել, բայց միանշանակ ապօրինի դատական ակտ է, որը ես վիճարկելու եմ Վճռաբեկ դատարանում: Ես կարծում էի, որ Վերաքննիչ դատարանն իր մեջ ուժ կգտնի կայացնելու արդարացի դատական ակտ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում, այս գործով թույլ տված բազմաթիվ խախտումները, ցավոք, հուսահատվեցի: Կարող եմ «Խաղալիք» կինոյից մեջբերում անել՝ ո՞վ է ավելի մեծ հրեշ, նա, ով պատվիրել է այս գործով նման դատական ակտ կայացնե՞լ, թե՞ այն անձինք, որոնք այդ պատվերը փայլուն կատարում են՝ սկսած դատախազից, վերջացրած դատավորից»,-ասաց փաստաբան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում:

Փաստաբանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանում հաջողության չհասնելու դեպքում, ինքը կդիմի Եվրոպական դատարան:

Ազատամարտիկ Արտաշես Ահարոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ըկերները չեն ընկրկելու եւ շարունակելու են իրենց պայքարը. «Սա վաճառված տականքների երկիր է, դատարանն էլ ռուսի ասած՝ սամասուդ է: Իրենք հույս ունեին, որ այսօր մարդ չի լինի դատարանում, քանի որ հույս ունեին, որ ոստիկանների այցելությունները ազատամարտիկների տներ վախեցնելու էր նրանց»:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանը արցախյան ազատամարտի մասնակից է, Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է գտնվում:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար:

Տպել
Ամենաշատ