Հայաստանի արդարադատության նախարարությունը հայտնում է, թե «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված են հետեւյալ պետական տուրքի դրույքաչափերը.
1. ազգանվան, անվան եւ հայրանվան փոխման համար, ներառյալ` վկայական տալը - 5.000 ՀՀ դրամ,
2. ամուսնության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը - 1.000 ՀՀ դրամ,
3. ամուսնալուծության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը - 10.000 ՀՀ դրամ,
4. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխություն, լրացում եւ ուղղում կատարելու համար, ներառյալ` վկայական տալը - 5.000 ՀՀ դրամ,
5. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակը տալու համար - 3.000 ՀՀ դրամ,
6. հայրություն (մայրություն) ճանաչելու համար - 1.000 ՀՀ դրամ,
7. օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար - 30.000 ՀՀ դրամ,
8. քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար, ներառյալ` վկայականներ տալը - 3.000,
9. քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանք տալու համար - 2.000 ՀՀ դրամ,
10. քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու ծանուցում Հայաստանի Հանրապետության տարածքում ուղարկելու համար - 1.000 ՀՀ դրամ,
11. Օտարերկրյա պետություններից քաղաքացիների դիմումի համաձայն` նրանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար - 2.000 ՀՀ դրամ,
12. ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար - 1.000 ՀՀ դրամ,
13. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու համար - 2.000 ՀՀ դրամ:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից (բաժնից) դուրս կատարվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով:
Միեւնույն ժամանակ հայտնվում է, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են.
1. կրթության համակարգի մարմինները, անչափահասների գործերով հանձնաժողովները` ծնողազուրկ եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բոլոր տեսակի գիշերօթիկ հիմնարկներ եւ ուսումնական հաստատություններ ուղարկելու կապակցությամբ ծննդյան վկայականների կրկնօրինակներ տալու համար,
2. քաղաքացիները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամանակ, գրանցող մարմնի աշխատակցի թույլ տված սխալների հետ կապված, գրանցումներում փոփոխություններ, լրացումներ եւ ուղղումներ կատարելու դեպքերում` նոր վկայականներ տալու համար,
3. ամուսինները` ամուսնության գրանցման ժամանակ իրենցից մեկի ազգանունը որպես ամուսնական ընդհանուր ազգանուն ընտրելու դեպքում.
4. անչափահաս երեխաների ակտային գրանցումներում ծնողի ազգանունը կամ անունը փոփոխելու կապակցությամբ կատարվող ուղղումների համար:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարում սահմանված չէ ծննդի, մահվան եւ ՀՀ քաղաքացիների կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար: