News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երեկ Բաքվում գրեթե սենսացիոն հայտարարություն է արել` ասելով, որ Արեւմուտքը իր գործողություններով մերձեցրել է Մոսկվային ու Բաքվին: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը հայտարարել է, որ Արեւմուտքը սխալ է արել Ռուսաստանին պատժամիջոցների ենթարկելով, եւ որ Ռուսաստանին ծնկի չես բերի նման միջոցներով: Ինչպես երեւում է, ռուս-ադրբեջանական մեղրամիսը հասնում է գագաթնակետին, եւ արդեն իսկ եւ՛ Մոսկվայի եւ՛ Բաքվի կատարմամբ հնչում են նման գրեթե բաց տեքստով հակաարեւմտյան հայտարարություններ: Եվ այստեղ երկու կարեւոր հարց է առաջ գալիս նմանօրինակ պահվածքի պայմաններում:

Ե՛վ Բաքուն, եւ՛ Մոսկվան ունեն, այսպես ասած, իրենց «քաղցր զույգերը»՝ Անկարան եւ Երեւանը: Այս տեսանկյունից, Բաքվում ռուս-ադրբեջանական նմանօրինակ հայտարարությունները հարց են առաջացնում՝ միանո՞ւմ են այս հայտարարությունների, այսպես ասած, տառին ու ոգուն Անկարան եւ Երեւանը: Խնդիրն այն է, որ Անկարան Բաքվի դաշնակիցն է, Երեւանը՝ իբրեւ թե Ռուսաստանի, կամ իբրեւ թե Ռուսաստանը Երեւանի դաշնակիցն է: Մոսկվան ու Բաքուն ակնհայտորեն սկսում են խաղ Արեւմուտքի դեմ, եւ Ռոգոզինի հայտարարությունն, ըստ էության, հենց սրա մասին է: Իսկ Ադրբեջանը կարծես թե այս կապակցությամբ որեւէ առարկություն ոչ միայն չի ներկայացրել, այլեւ Էյուբովի հայտարարությունը վկայում է, որ նույնիսկ հավանության է արժանացրել Ռոգոզինին: Անկարայի խնդիրը մի կողմ, իրավիճակը չափազանց հետաքրքրական է Հայաստանի պարագայում։

Եթե Հայաստանը, այսպես ասած, հավատարիմ է մնում ՌԴ հանդեպ «դաշնակցային», իսկ իրականում վասալային պարտավորություններին, ապա, ըստ էության, այս կամ այն կերպ միանում է ռուս-ադրբեջանական հակաարեւմտյան խաղին, ինչով վերջնականապես հայտնվում է ծուղակում, եւ ըստ էության՝ ժամանակի հարց է, թե երբ են Մոսկվան ու Բաքուն լուծելու Հայաստանի հարցերը եւ ինչ համամասնությամբ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ